Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը՝ տարեկան խլելով ավելի քան 1 միլիոն մարդու կյանք:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Գերակշռում են քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի բարդություններից մահերը:
2022-2030 թվականների ռազմավարությամբ` Հայաստանը որդեգրել է հիվանդության վերացմանն ուղղված քաղաքականություն: Նպատակն է պացիենտի խնամքի և բուժման ծառայությունների ինտեգրմամբ մինչև 2030 թվականը կտրուկ նվազեցնել հիվանդացությունը:
2020 թվականից քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին ԱՆՎՃԱՐ տրամադրվում են ուղղակի ազդող հակավիրուսային դեղեր: Ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով օրերս հաստատվել է վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին նոր դեղերով բուժման կարգը:
2022 թվականին Հայաստանում հեպատիտ Ց-ի դեմ բուժում է ստացել 517 պացիենտ:
1999 թվականից ՀՀ-ում իրականացվում են հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներ, որոնց շնորհիվ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում չեն գրանցվում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր: Հեպատիտ Ց-ի դեմ դեռևս պատվաստումներ չեն իրականացվում աշխարհում:
Հեպատիտները փոխանցվում են սեռական ճանապարհով, արյան միջոցով` թմրամիջոցների գործածում, ինվազիվ միջամտություն (բժշկական և ոչ բժշկական` դաջվածք, մատնահարդարում, ոտնահարդարում, փիրսինգ և այլն), դրական դեպք` մորից երեխային, երբեմն նաև` կենցաղ-կոնտակտային ճանապարհով:
Վիրուսային հեպատիտների վաղ հայտնաբերումը բուժման առաջին նախապայմանն է, ուստի խորհուրդ է տրվում բնակչությանը պարբերաբար հետազոտվել, քանի որ հիվանդությունը հիմնականում կարող է ընթանալ անախտանիշ:
Երևանում և մարզերում պարբերաբար կազմակերպվում են հանրային միջոցառումներ, անվճար, անանուն հետազոտություններ` հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով: