«Ու» տառի պարույկը որտե՞ղ է պետք դնել․ հորդորակ

Փիլիսոփաներից մեկն ասել է. «Մարդու մասին ավելի հաճախ կարելի է կարծիք կազմել նրա տված հարցերից, քան պատասխաններից»։ Ուրեմն ինչքա՜ն կարևոր է խելացի հարցեր տալը և ոչ պակաս կարևոր՝ այդ հարցերը ճիշտ շեշտադրելը, նշվում է Լեզվի կոմիտեի հորդորակում։

Հայտնի է, որ հայերենում հարցական նշանը դրվում է ոչ թե նախադասության վերջում, ինչպես անգլերենում, ռուսերենում և շատ այլ լեզուներում է, կամ նախադասության սկզբում և վերջում միաժամանակ, ինչպես իսպաներենում է, այլ հենց հարցում արտահայտող բառի վրա։ Բայց հաճախ սխալմունք է առաջանում հարցական նշանի (պարույկի) ճիշտ տեղը որոշելիս։

Պետք է հիշել ու կիրառել․ հայերենում հարցական նշանը գրեթե միշտ դրվում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա (շեշտի պես)։ Նույն օրինաչափությամբ է ձևավորվում նաև հարցական հնչերանգը։ Օրինակ՝ «Գիտե՞ք (ոչ թե գի՞տեք), թե տոնածառը տեղափոխելու համար ինչքա՛ն փող է հարկավոր»:

Շեշտի մասին պատահաբար չհիշեցինք։ Հարցական սխալ հնչերանգ կիրառողը հաճախ սխալվում է նաև բառը շեշտադրելիս. «Դուք հաստատ գի՛տեք (փոխանակ գիտե՛ք), թե տոնածառը տեղափոխելու համար ի՛նչքան (փոխանակ ինչքա՛ն) փող է հարկավոր»:

Որոշ բացառությունների մասին

Եթե բառն ավարտվում է ը ձայնավորով, ապա հարցական հնչերանգ ստանում է դրան նախորդող վանկը(օրինակ՝ բառարա՞նը, խո՞սքը և այլն)։

Հարցում արտահայտող դերանունները բառի վերջին ձայնավորի վրա գրավոր խոսքում սովորաբար կրում են հարցական նշան, ինչպես՝ ե՞րբ, ինչո՞ւ, քանի՞, որտե՞ղ և այլն։ Կանոնից շեղվում են ո՞րերորդ, քանի՞երորդ, նո՞ւյնպես, նո՞ւյնչափ դերանունները, -երորդ մասնիկով կազմված թվականները (հի՞նգերորդ, տասնվե՞ցերորդ), մի՞թե վերաբերականը, որոնց շեշտը դրվում է նախավերջին կամ դրան նախորդող վանկի վրա։

Որոշ հաղորդավարներ, գովազդ կարդացողներ երբեմն արտառոց, հայերենին անհարազատ ու սխալ լուծումներ են մատուցում եթերում: Օրինակ՝ «Մսա՞մթերք եք նախընտրում, թե՞ կաթնա՛մթերք»։ Եթե կարիք կա ընդգծելու մթերքի ինչպիսին լինելը, ապա կարելի է հետևյալ կերպ ասել՝ «Մսայի՞ն մթերք եք նախընտրում, թե՞ կաթնային» կամ «Մսամթե՞րք եք նախընտրում, թե՞ կաթնամթե՛րք»։

Օժանդակ բայերի վրա հարցական նշան դնո՞ւմ ենք

Տեսե՛ք՝ գրել ենք՝ դնո՞ւմ ենք (ոչ թե դնում ե՞նք)։ Հայերենում օժանդակ բայի վրա հարցական նշան չենք դնում, ուստի խրախուսելի է, որ բանավոր խոսքում նույնպես օժանդակ բայը չարտասանվի հարցական հնչերանգով (բարբառային խոսքը կամ անհատական մոտեցումը չհաշված)։ Օրինակ՝

«Արդեն քննարկե՞լ եք(ոչ թե քննարկել ե՞ք) հարցը»:
«Նոր տոնածառը փոխանցո՞ւմ է (ոչ թե փոխանցում է՞) տոնական տրամադրություն»:

Օժանդակ բայը հարցական հնչերանգով է արտասանվում և կրում հարցական նշան, եթե ժխտական խոնարհման բայաձև է: Օրինակ՝ «Դեռ չե՞ք եկել»։ «Գիրքը չէի՞ր կարդալու»։ «Չի՞ խոսելու»։

Հիշեցնենք նաև, որ մեր լեզվում կիրառելի է միայն պարույկը (ոչ թե «?», այլ «՞»)։ Հմմտ․ «Կարող եք գտնել այլ տարբերակներ?» փոխանակ «Կարո՞ղ եք գտնել այլ տարբերակներ»:

Ի դեպ, ոմանք «ու» տառի պարույկը դնում են ւ-ի վրա, ոմանք՝ ո-ի։ Ավանդաբար ընդունված է երկրորդ տարբերակը․ «Այդ ո՞ւր», «Ամո՞ւր ես կապել»։

«Հորդորում ենք գրական բանավոր խոսքում պահպանել հայերենի հարցական ճիշտ հնչերանգը, իսկ գրավոր խոսքում հետևել կետադրելու ընդունված կանոնին»,-նշվում է հորդորակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել