Վանաձորի ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացմանը միտված դատական նիստը նորից հետաձգվել է

Վանաձորի ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացմանը միտված Վարչական դատարանի նիստը նորից հետաձգվել է։

Հուլիսի 20-ին նշանակված էր ««Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու և Վանաձոր համայնքի աշխատակազմի, ներկայացրած հայցի (երրորդ անձինք՝ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցություն, «Հայրենիք» կուսակցություն, «Ապրելու երկիր» կուսակցություն)՝ Վանաձոր համայնքի ավագանուն՝ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և/կամ համայնքի ղեկավար ընտրելուց և/կամ Վանաձոր համայնքի աշխատակազմի՝ Վանաձոր համայնքի ղեկավարի լիազորությունները դադարած հայտարարելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին վարչական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման դատական նիստը։

Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Արտակ Ոսկանյանը նշեց, որ «Խմբակցություններից «Ապրելու երկիր» կուսակցությանը դատարանը ուղարկել էր ծանուցումը: Դատական նիստում դատավորը հայտնեց, որ ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել՝ «չպահանջված» նշումով, հետևաբար դատարանն արձանագրեց, որ «Ապրելու երկիր» կուսակցության ծանուցումը պատշաճ չէ և այդ պայմաններում դատական գործի քննությունը չի կարող շարունակվել և գործի քննությունը հետաձգվեց անորոշ ժամկետով»,-նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ եթե այդ օրը կայանար դատական նիստը, կկայանար նաև ավագանու նիստը:

«Եթե գործի քննությունը արագ ընթանար, կարող էր այս հարցը հանգուցալուծվել: Մեզ ասացին, որ հաջորդ դատական նիստի մասին կծանուցվենք փոստային ծառայության միջոցով»,-ասաց Արտակ Ոսկանյանը:

———

Հիշեցնենք նաև, որ ինչպես հայտնի է, 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ: Վանաձոր համայնքի ավագանին բաղկացած է 33 անդամից: Ընտրություններին մասնակցել են 10 քաղաքական ուժ: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել են հինգ քաղաքական ուժ, և մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

  1.  «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ 15 մանդատ,
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 9 մանդատ,
  3. Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5 մանդատ,
  4. «Հայրենիք» կուսակցություն՝ 2 մանդատ,
  5. «Ապրելու Երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ:

Արդյունքում` «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, որոշել է ավագանու անդամ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ձևավորել դաշինք` համայնքի գործադիր իշխանությունն իրացնելու համար:

Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել և խափանման միջոցը կալանք է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 15-ին` ավագանու առաջին նիստից ընդամենը մի քանի օր առաջ:

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը նշանակվել է 2021թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին: «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը Մամիկոն Ասլանյանն է, ով հանդիսանում է նաև «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի համայնքի ղեկավարի թեկնածու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել