Շատ անձանց հետ եմ առնչվել, ովքեր փորձել են քննիչ աշխատել, սակայն որոշ ժամանակահատված անց, այսպես ասած, չեն դիմացել մասնագիտական դժվարություններին և դուրս են եկել աշխատանքից․ Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Սահակյանը։ Նրա խոսքով՝ իր ղեկավարած վարչությունը միակն է Կոմիտեի վերահսկողական գործառույթներով օժտված ստորաբաժանումների թվում, որը Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրավասու է ուսումնասիրություն իրականացնել ցանկացած ստորաբաժանումում, որն էլ կարելի համարել Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության առանձնահատկությունը:
-Պարոն Սահակյան, նախ փորձենք անդրադառնալ Ձեր կողմից ղեկավարվող ստորաբաժանման աշխատանքներին՝ ի՞նչ հիմնական գործառույթներ է իրականացնում Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը:
–Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր խմբագրությանը՝ Քննչական կոմիտեի աշխատանքները մշտապես լուսաբանելու և նման նոր խորագրի միջոցով քննիչի բարդ և կարևոր աշխատանքը ներկայացնելու համար:
Անդրադառնալով կոնկրետ հարցադրմանը` նշեմ, որ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունն իր յուրահատուկ դերն ու նշանակությունն ունի Կոմիտեի կառուցվածքում, այն գտնվում է Կոմիտեի նախագահի անմիջական համակարգման ոլորտում և Կոմիտեի կազմում գործող կառուցվածքային այլ ստորաբաժանումներից առանձնանում է իրեն վերապահված յուրահատուկ գործառույթներով: Նախ նշեմ, որ գլխավոր վարչությունը բոլորովին վերջերս է վերակազմակերպվել, ինչի արդյունքում դրա կազմում ստեղծվել է երկու ստորաբաժանում` հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունն ու կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչությունը, որոնց միջոցով գլխավոր վարչությունն իրականացնում է Կոմիտեի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, իսկ որպես այդպիսիք հանդիսանում են Կոմիտեի նախագահի կողմից հանձնարարված` հատուկ կարևորություն ներկայացնող, ինչպես նաև քննության առանձնահատկություններ ունեցող հանցագործությունների դեպքերով քննությունը, Կոմիտեին վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի նախագահի հատուկ հանձնարարությամբ Կոմիտեի մարմիններում կամ ստորաբաժանումներում ուսումնասիրությունների, Կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալների ներքին իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
Ավելին, ստորաբաժանման լիազորությունների մաս են կազմում նաև քաղաքացիների դիմում-բողոքների և ընդունելության կապակցությամբ իրականացվող աշխատանքների, Գլխավոր վարչությունում ընդգրկված փորձագետների աշխատանքների համակարգումը, Կոմիտեի տարեկան աշխատանքային ծրագրի մշակումը, Կոմիտեի կոլեգիայի աշխատանքների նախապատրաստումը, կազմակերպումը և ընդունված որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը, վիճակագրական տվյալների հավաքագրումը, ամփոփումը և դրանցից բխող վերլուծությունների կատարումը, քրեագիտական տեխնիկայի, գիտատեխնիկական միջոցների և գիտության տարբեր բնագավառների նորամուծությունների ուսումնասիրությունը՝ դրանց գործնական կիրառման արդյունավետությունն ապահովելու համար, նախաքննության արդյունավետության բարձրացման նպատակով տարբեր հանցագործությունների քննության առանձնահատկությունների, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքների վերլուծությունը, ամփոփումը և մեթոդական ուղեցույցների մշակումը, առանձին հանցատեսակների քննության մեթոդիկայի, ինչպես նաև քննչական գործողությունների տակտիկական հնարքների մշակման, կատարելագործման, դրանք գործնականում կիրառելու հմտությունների զարգացման աշխատանքների կազմակերպումը և մի շարք այլ գործառույթներ:
-Թեպետ ոլորտում աշխատում եք 2007 թվականից, սակայն այս պաշտոնը զբաղեցնում եք շուրջ կես տարի։ Աշխատանքային ի՞նչ դժվարությունների եք հանդիպել այս ընթացքում ու, հատկապես, որպես վարչության պետ։
–Կարծում եմ, որ ստորաբաժանման անունն իսկ հուշում է, որ Գլխավոր վարչության առօրյա աշխատանքն իրենից ներկայացնում է այնպիսի աշխատանքների իրականացում, որոնք առաձնակի դժվար են և իրենց կարևորությամբ պայմանավորված՝ Կոմիտեի նախագահի կոմղից հանձնարարվել են հենց Վարչությանը: Նմանատիպ դժվարությունները բազմապիսի են, սակայն` չցանկանալով ծանրաբեռնել ընթերցողին, միայն նշեմ, որ ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել հիշյալ ստորաբաժանումը և Գլխավոր վարչությունում ընդգրկված առավել փորձառու, բարձր մասնագիտական պատրաստվածություն և հմտություններ ունեցող քննիչների շնորհիվ՝ Գլխավոր վարչությունն արդյունավետ կերպով իրականացնում է իր գործառույթները:
-Արդեն իսկ շուրջ մեկ ամիս է կիրառության մեջ են ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը. ինչպե՞ս կարողացավ Ձեր կողմից ղեկավարվող վարչությունը սահուն անցում կատարել դեպի նոր օրենսգրքերի կիրարկում:
–Գլխավոր վարչությունը ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ քննչական կոմիտեում նոր օրենսգրքերի կիրարկման ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացման հարցում, վարչության կողմից նոր օրենսդրության կարգավորումների համաձայն մշակվել և Կոմիտեում շրջանառության մեջ են դրվել համապատասխան քննչական և դատավարական գործողությունների ու որոշումների օրինակելի ձևաթղթեր: Անձամբ ես և Գլխավոր վարչության պետի տեղակալն ընդգրկված ենք Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կազմում և կարողանում ենք աշխատակիցների հետ միասին արդյունավետ իրականացնել մեր գործառույթները, սեփական փորձի, մասնագիտական գիտելիքների արդյունքում անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել ու պատշաճ աջակցություն ցուցաբերել կառույցի այլ ծառայողներին՝ անցումային այս շրջանում: Ասվածին զուգահեռ նաև վերլուծության են ենթարկվում նոր օրենսգրքերի հետ կապված ի հայտ եկող մի շարք խնդիրներ, որոնց լուծումը նախատեսվելու է կա´մ օրենսդրական փոփոխությունների, կա´մ համապատասխան նորմերի դատական մեկնաբանությունների արդյունքում:
Ցանկանում եմ նշել նաև, որ, ինչպես հայտնի է, 2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումն առ այն, որ նախաքննությունն իրականացվելու է առավելապես էլեկտրոնային եղանակով և ներկայումս Գլխավոր վարչության կողմից համապատասխան ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ ակտիվ աշխատանքներ են կատարվում քննիչներին վերապատրաստելու ուղղությամբ:
-Պարոն Սահակյան, արդեն իսկ ավարտել եք ընթացիկ տարվա առաջին կիսամյակը. Ձեր ստորաբաժանումն ի՞նչ արդյունքներով է ամփոել կիսամյակը և ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար:
–Գլխավոր վարչության կողմից առաջին կիսամյակի ընթացքում Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են իրականացվել Կոմիտեի 6 ստորաբաժանումներում: Ի թիվս նշածս բոլոր ուղղություններով արդյունավետ աշխատանքների իրականացմանը՝ աշխատանքներ են կատարվել նաև նոր օրենսդրության կարգավորումների համաձայն համապատասխան վիճակագրական տվյալներ վարելու համար ստորաբաժանումների կողմից լրացման ենթակա հարցաշարերը մշակելու ուղղությամբ, ինչի արդյունքում Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով դրանք հաստատվել են: Արդյունավետ կերպով իրականացվել է Կոմիտեի նախագահի հատուկ հանձնարարությամբ քրեական գործերով նախաքննության կազմակերպումն ու իրականացումը: Ինչ վերաբերում է երկրորդ կիսամյակի անելիքներին, ապա բուն կատարվելիք աշխատանքներից զատ, ցանկանում եմ առանձնացնել, որ ներկայումս Գլխավոր վարչության կոմից ամփոփվում են Կոմիտեի բոլոր ստորաբաժանումների կիսամյակային աշխատանքները և դրանց արդյունքներով նախատեսվում է առանձնացնել ու Կոմիտեի նախագահի հաստատմանը ներկայացնել այն ստորաբաժանումների ցանկը, որտեղ կարիք կլինի կատարել ուսումնասիրություններ, ինչպես նաև ակտիվ աշխատանքներ կատարել ներդրվելիք էլեկտրոնային նախաքննության աշխատանքների արդյունավետ և սահուն իրականացման ուղղությամբ:
-Հաշվի առնելով ձեր երկարամյա փորձը՝ կնշե՞ք, թե ինչ փոփոխությունների կարիք եք Դուք տեսնում՝ քննիչի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար։
–Քանի որ նոր է ուժի մեջ մտել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որով արդեն իսկ էական փոփոխությունների են ենթարկվել քննիչի, դատախազի, հետաքննության մարմնի գործառույթները, ինչպես նաև մի շարք գործողություններ ևս տեղափոխվել են դատական վերահսկողության տիրույթ, ապա ներկայումս կդժվարանամ նշել, թե կոնկրետ ինչ փոփոխությունների կարիք կա: Այդպիսի հիմնավոր կարծիք արտահայտելու համար, կարծում եմ, դեռ բավականին ժամանակ է պետք, որպեսզի ամբողջությամբ հասկանանք նոր օրենսգրքերի կարգավորումները և դրանց գործնական կիրառման ընթացքում առաջացող խնդիրները:
-Պարոն Սահակյան, Դուք երկու երեխաների հայր եք և տեսնելով Ձեր առօրյան՝ կցանկանա՞ք, որ ապագայում Ձեր երեխաներն ընտրեն քննիչի մասնագիտությունը։
–Քննիչի աշխատանքը բարդ և պատասխանատու աշխատանք է, և հաստատապես կարելի է նշված բառերի բազմաթիվ այլ հոմանիշներով ևս այն բնութագրել: Յուրաքանչյուր անհատ միայն ինքը կարող է որոշել, թե պատրաստակա՞մ է արդյոք իր գիտելիքների, հմտությունների, մարդկային որակների և համապատասխան զրկանքների հաշվին ստանձնել այդ բարձր պատասխանատվությունը, թե՝ ոչ, քանի որ քննիչ լինել չի նշանակում զուտ տիրապետել իրավական գիտելիքների և դրանց շնորհիվ կատարել աշխատանք: Շատ անձանց հետ եմ առնչվել, ովքեր փորձել են քննիչ աշխատել, սակայն մի որոշակի ժամանակահատված անց, այսպես ասած, չեն դիմացել մասնագիտական դժվարություններին և դուրս են եկել աշխատանքից` իրենց որպես իրավաբան փորձելով այլ ուղղություններում: Ուստի՝ Ձեր հարցին այսպես պատասխանեմ. եթե իմ երեխաները ունենան համապատասխան գիտելիքներ, հմտություններ և քաջ գիտակցելով քննիչի աշխատանքի էությունը՝ ցանկանան աշխատել այդ մասնագիտությամբ, ապա ես միայն կողջունեմ և մեծ պատիվ կհամարեմ:
-Որո՞նք եք համարում իրավաբանի մասնագիտության ամենաառանցքային կողմերը:
–Իրավաբանն այն մասնագետն է, որի տիրույթում է գտնվում իրավական հարցերի հանգուցալուծումը, ուստի, որպես իրավաբանի մասնագիտության ամենաառանցքային կողմ և հիմնական առաքելություն, համարում եմ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: