Ներհամայնքային փոխադրումների ժամանակ հաշմանդամություն ունեցող ուղեւորների տեղափոխման իրավունքն ապահովելու նպատակով պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություն եւ լրացումներ է առաջարկում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 12-ի արտահերթ նիստում:
Հեղինակն առաջարկում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ՝ ներհամայնքային փոխադրումներ իրականացնելու մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Առաջին ընթերցումից հետո եզրափակիչ եւ անցումային դրույթներում առաջարկներ են ներկայացրել Կառավարությունը եւ հեղինակը: Գործադիրն առաջարկում է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը տեղափոխել մինչեւ 2023 թ. հունվարի 1-ը, ինչը հեղինակն ընդունել է:
Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդգծել է, որ համապատասխան փոփոխություններ կկատարվեն թե՛ ավտոկայարանային գործունեության կազմակերպման, թե՛ մրցութային կարգերի վերաբերյալ Կառավարության որոշումներում:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նաեւ պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հեղինակը հիշեցրել է, որ նախաձեռնությունը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացմանը: Առաջարկվում է հաշմանդամություն ունեցող աշխատողների համար նախատեսված երաշխիքներում սահմանել, որ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո աշխատողն իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով կարող է դիմել գործատուին՝ խելամիտ հարմարեցումներ ստանալու համար:
Պատգամավորն առաջարկում է կազմակերպությունների պարտավորություններում ամրագրել աշխատողների տեղահանման պլանի առկայությունը, որը, ըստ Զարուհի Բաթոյանի, պետք է կազմված լինի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների հիման վրա:
Կատարվել են նաեւ խմբագրական փոփոխություններ:
Հեղինակը հանդես է եկել առաջարկներով, մասնավորապես, 118-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը վերաշարադրել հետեւյալ խմբագրմամբ. «Աշխատողի աշխատունակությունը չվերականգնելու եւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում գործատուն սույն գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե առկա է հակացուցման մասին լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացություն տվյալ աշխատանքով զբաղվելու վերաբերյալ»:
Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական եւ խմբագրական առաջարկներ դրանց մեծ մասն ընդունվել է հեղինակի կողմից:
Հարակից զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը դրական է: