Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել:
Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմից տարածված հաղորդագրության՝ զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ հարցեր և տարածաշրջանային թեմաներ։
ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ Թուրքիայի օդանավակայաններից մեկում ունեցած ճեպազրույցի ժամանակ Էրդողանը, անդրադառնալով այս հեռախոսազրույցին, նշել է, որ Բայդենն այսօր երեկոյան կամ վաղը հանդիպելու առաջարկ է արել, ինչին ինքը դրական է արձագանքել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակացության հետ կապված Թուրքիայի մտահոգությունները քննարկելու համար Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կարող է հանդիպում ունենալ Էրդողանի հետ։