Արարատի մարզի դատախազության կողմից հայտնաբերվել է հանցավոր ծագում ունեցող գույքի օրինականացման (փողերի լվացման) դեպք

Մասիսի քաղաքապետարանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ 2019թ. դեկտմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության գործառույթն իրականացնելու ընթացքում ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հայտնաբերվել են Մասիս քաքային համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձի կողմից  հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու մասին փաստական տվյալներ:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավար Ս. Հ.-ն համայնքային սեփականություն հանդիսացող Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող, «Սիս» ՓԲԸ-ի նախկին վարչական շենքն ու դրանով ծանրաբեռնված հողատարածքը իր և գործընկերոջ ընտանիքների սեփականությունը դարձնելու շահադիտական նպատակներով դեռևս 2007թ. դեկտեմբերի 27-ին համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել ընդհանուրը՝ 833.2 մ2 մակերեսով, 46.620.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով այդ շենքը նվիրատվությամբ ավագանու անդամ, «Սիս» ՓԲԸ տնօրեն Ա. Բ.-ին հատկացնելու հարցը։ Ավագանու նիստի ընթացքում համայնքի ղեկավարը Ա. Բ.-ին ներկայացրել է որպես սոցիալապես անապահովի, ինչպես նաև պատճառաբանել, թե վերջինս, որպես «Սիս» ՓԲԸ տնօրեն, քննարկվող շենքն օգտագործել է վերջին քսան տարիների ընթացքում։ 

Արդյունքում, նույն օրը ավագանու որոշմամբ վերը նշված վարչական շենքը նվիրատվությամբ հատկացվել է Ա. Բ.-ին: Այնուհետև, շենքը Ա. Բ.-ի անվամբ հաշվառելու համար համայնքի ղեկավարը 2008թ. փետրվարի 11-ին ավագանու քննարկմանն է ներկայացրել նույն հասցեում գտնվող 385 մ2 մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Ա. Բ.-ին օտարելու հարցը, որը հաստատվել է ավագանու որոշմամբ: Արդյունքում` նշված շենքը և հողամասը գրանցվել է Ա.Բ.-ի անվամբ:

Դրանից ընդամենը 2 օր անց՝ 2008թ. փետրվարի 28-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ա.Բ.-ն համայնքի ղեկավարի պահանջով առուվաճառքի պայմանագրով նշված վարչական շենքն ու հողամասը չնչին` ընդամենը 1.000.000 ՀՀ դրամով վաճառել է վերջինիս խորհրդական Ռ. Ղ.-ին: 

Ս. Հ.-ն նշված գույքը ձևականորեն թողել է Ռ.Ղ.-ի անվամբ մինչև 2017թ. նոյեմբերի 7-ը, երբ արդեն չի հանդիսացել Մասիս քաղաքային համայնքի ղեկավար։ Իսկ 2017թ նոյեմբերի 7-ին նրա հանձնարարությամբ Ռ.Ղ.-ն նշված շենքն իր հողամասով հավասարաչափ բաժիններով նվիրատվությամբ օտարել է Ս. Հ.-ի որդուն և գործընկերոջ եղբոր դստերը: Այդ կերպ, ՍՀ-ին մի խումբ անձանց հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ օրինականացրել է նախկինում Մասիս քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող, սակայն ակնհայտ ապօրինի, հանցավոր եղանակով օտարված առանձնապես խոշոր չափերով հանցավոր ծագում ունեցող գույքը։ 

Նկատի ունենալով, որ հայտնաբերվել են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը փոխանցման եղանակով օրինականացնելու (փողերի լվացման) առերևույթ հատկանիշների մասին փաստական տվյալներ՝ հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրված ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և միացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով արդեն իսկ հարուցված և քննվող քրեական գործին:

Ի թիվս այլնի, դատախազը ցուցում է տվել նաև քննության առարկա դարձնել և քրեաիրավական գնահատականի արժանացնել Մասիս քաղաքային համայնքի ավագանու այն անդամների գործողությունները, ովքեր մասնակցել և կողմ են քվեարկել նշված անշարժ գույքը Ա. Բ.-ին օտարելու որոշումների կայացմանը։  

Նախաքննությունը շարունակվում է։  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել