ԱՄՆ-ը Ֆինլանդիայի և Շվեդիայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու ժամկետներ չի սահմանել, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հունիսի 21-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, գրում է TASS-ը։
Նա մեկնաբանել է այն տեղեկությունները, թե նշված երկու երկրների՝ դաշինք մտնելու մասին որոշումը դժվար թե ընդունվի հունիսի 29-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ «Որքան ես հիշում եմ, մենք ժամկետներ չենք սահմանել»,- ասել է Փրայսը։
Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ Վաշինգտոնում «իհարկե, մենք կցանկանայինք, որ դա արագ տեղի ունենար»։ «Սակայն սա գործընթաց է, որը պահանջում է ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների կոնսենսուսը»,- հավելել է նա։ Փրայսի խոսքով՝ շփումները շարունակվում են Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի միջև, որը դեմ է հյուսիսային երկու երկրների՝ ՆԱՏՕ մտնելուն։ ԱՄՆ-ը, չմասնակցելով այդ շփումներին, աջակցում է Հելսինկիին և Ստոկհոլմին դաշինքին միանալու նրանց ջանքերում, ասել է Փրայսը։