Խ. Հ.-ն 2020թ. դեկտեմբերի 31-ին իր մոր բնակարանում, անչափահաս Լ. Դ.-ի կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը վարույթ է ընդունվել 2022 թվականի հունիսի 3-ին և մակագրվել Արարատի և Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին:
Այդ օրը, Խ. Հ.-ի հրավերով, Կ. Մ.-ն իր անչափահաս դուստրերի հետ հյուրընկալվել են տղամարդու մոր բնակարան՝ միասին Նոր տարին դիմավորելու և նշելու նպատակով։ Միասին հաց ուտելուց հետո, Խ. Հ.-ն՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, տան սենյակները ցուցադրելու պատրվակով, աղջիկներից մեկին տարել է ննջասենյակ, պառկեցրել է մահճակալի վրա և նրա նկատմամբ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Բացի այդ, Խ. Հ.-ն դիտավորությամբ չի կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պահանջները։
2021 թվականի հունվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնում որոշում է կայացվել անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ և որպես ընտանիքում բռնություն գործադրած անձ Խ. Հ.-ի նկատմամբ կիրառվել է սահմանափակումներ և վերջինիս արգելվել է 20 օրյա ժամանակահատվածում 100 մետր հեռավորությունից մոտենալու մորը։
2021 թվականի հունվարի 4-ին, 7-ին, 18-ին և 21-ին Խ. Հ.-ն՝ դիտավորությամբ չկատարելով իր նկատմամբ կիրառված անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշման պահանջները, պարբերաբար գնացել է՝ մոր բնակարան։
Խ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ), 353.1-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով («Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջները ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից դիտավորությամբ չկատարելը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: