Այսօր Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Ռուսաստան կատարած այցի մանրամասները:
Նա նշեց, որ ինքն անձամբ է հանդիպել Հրաչյա Հարությունյանի հետ «Մոտրոսկայա Տիշինա» կալանավայրում. «Հրաչյայի հետ հանդիպել եմ երկուշաբթի օրը, որը եղել է հանդիպումների շարքում վերջինը: Բավական դժվար էր մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպել նման հանդիպում, սակայն Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն արեց ամեն ինչ իմ և Հրաչյայի հանդիպումը հնարավոր դարձնելու համար»:
Պաշտպանը տեղեկացրեց, որ բացի Ռուսաստանի ՄԻՊ հանձնակատար Վլադիմիր Լուկինի հետ հանդիպումից, հանդիպել է նաև Ռուսաստանում Հայասատանի դեսպան Օլեգ Եսայանի, Հրաչյայի փաստաբանների և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ: Վերջինիս հետ տեղի է ունեցել բավական երկար քննարկում` կապված ոչ միայն մեր հայրենակցին խալաթով դատարան ուղեկցելու հետ, այլ նաև քննարկել են մի շարք այլ խնդիրներ. «Արդյունքում մշակվել է որոշակի ռազմավարություն, որն այս օրերի ընթացքում կօգնի Հրաչյայի կյանքն ավելի լավը դարձնել: Կատարված աշխատանքները նպաստել են, որ ապագայում պաշտպանված լինի ոչ միայն նրա կյանքի և առողջության, այլ նաև դատական բոլոր իրավունքները` ինչն այսօր ամենակարևորն է»:
Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան ուղեկցելու փաստին, նշեց, որ այդ խնդիրը բոլորիս է հուզում, բայց այս հարցի շուրջ պետք է կատարվի լուրջ քննություն. «Իրավապաշտպանների գնահատականները, որոնք պետք է լինեն պաշտոնական, մեկ օրում չեն տրվում: Մեզ հուզող հարցի պատասխանը մենք շուտով կստանանք: Եվ այդ ժամանակ էլ ամեն ինչ պարզ կլինի, թե իրականում ով է մեղավոր Հրաչյային նման կերպ դատարան ներկայացնելու համար»:
Ըստ Կարեն Անդրեասյանի` արտահանձնման հնարավորությունը կարող է քննարկվել բացառապես դատարանի վճռից հետո. «Ցանկացած նման իրավիճակում արտահանձնման մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ կա դատարանի որոշում, իսկ հիմա դրա մասին դեռ շուտ է խոսել»:
«Հրաչյան շատ դանդաղ է ապաքինվում, սակայն կարելի է ասել, որ նա արդեն դուրս է եկել դեպրեսիայից, անգամ կարողանում էր ժպտալ: Իսկ մինչ այդ գտնվում էր խորը դեպրեսիայի մեջ և անգամ խոսել չէր կարողանում»,- փաստեց Կարեն Անդրեասյանը, ապա հավելեց, որ Հրաչյա Հարությունյանի գործով, բացի արդեն իսկ նշանակված երեք փաստաբաններից, կզբաղվի նաև Ռուսաստանում ամենահայտնի փաստաբաններից մեկը` Ռուբեն Մարգարյանը: Վերջինիս հետ Հրաչյայի պաշտպանվածությունը լիիրավ կլինի:
Պաշտպանը խոսեց նաև ռուս լրագրող Օլգա Սկաբաևայի պատրաստած ռեպորտաժի մասին, որտեղ նա իրեն թույլ է տալիս կոպիտ արտահայտություններ Հրաչյա Հարությունյանի հասցեին. «Սկաբաևայի պատրաստած ռեպորտաժը ինքնին մարդու իրավունքների խախատում է»:
Հանդիպման վերջում պաշտպանը կոչ արեց բոլորին ուշադրությունը սևեռել արդար դատաքննության վրա, քանի որ այս պահին ամենակարևոր խնդիրը դա է:
Արև Ավագյան
Իրավաբան.net