Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորմանն ուղղված գործողությունը կատարվել է մասնակի․ զեկույց

Հայաստանի Հանրապետության 2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության առաջին ոլորտը վերաբերում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացմանը։ Այս ոլորտին ուղղված գործողությամբ նախատեսված է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը և բնականոն գործունեության ապահովումը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցը։

ՀՀ հակակոռուպցիոն 2019-2022 թթ․ ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների որակական ազդեցությունը գնահատելու նպատակով իրականացվել է նաև ընդունված իրավական ակտերի իրավական վերլուծության։

Այս վերլուծությամբ եզրահանգվել է, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորումը կատարվել է մասնակի։

Վերլուծության մեջ նշվում է, որ  ըստ ՀՀ ԱՆ-ի կողմից հրապարակված Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-ն որոշմամբ 2021 թվականին կատարման ենթակա միջոցառումների իրականացման մասին հաշվետվության այս գործողության ներքո կատարվել են ներքոթվարկված աշխատանքները։

Իրավական վերլուծությունը ներկայացնենք առավել մանրամասն։

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորում

◊ Առանձնահատուկ նպատակի կատարման վերաբերյալ Արդարադատության նախարարության հաշվետվությունը

2021 թվականի մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը կարգավորում է Կոմիտեի լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները: 

Հակակոռուպցիոն կոմիտեի հիմնական իրավասությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումն է: Միաժամանակ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն:

Հնարավոր չարաշահումներից խուսափելու, արագ և արդյունավետ քննություն ապահովելու համար հետաքննությունը, օպերատիվ-հետախուզական գործունեությունը և նախաքննությունն իրականացվելու են տարբեր ստորաբաժանումների միջոցով։ Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստություն ունեցող կադրերի ներգրավման եղանակով, այդուհանդերձ, կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում: Հատկանշական է, որ մրցույթի պարտադիր փուլ է կազմելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության փուլը: Օրենքով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար, ի տարբերություն այլ քննչական մարմինների ծառայողների, սահմանված են առավել խիստ պահանջներ և սահմանափակումներ, սակայն նախատեսված են լրացուցիչ երաշխիքներ: 

Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի մեծ մասն արդեն իսկ ընդունվել է:

ՀՀ կառավարության կողմից 2021 թվականի հունիսի 3-ին ընդունվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 895-Ն, «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը սահմանելու մասին» N 896-Ն որոշումները, իսկ 2021 թվականի հունիսի 17-ին ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» N 989-Ն որոշումը: Բացի այդ, ՀՀ վարչապետի 2021 թվականի հունիսի 17-ի N 661-Ա որոշմամբ սահմանվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը: Ներկայումս տարվում են աշխատանքներ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանելու մասին» նախագծի մշակման ուղղությամբ:

Բացի այդ, 2021 թվականի սեպտեմբերի 24-ին «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի ընդունմամբ սահմանվել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնները ժամանակավորապես համալրվում են Հատուկ քննչական ծառայության 30 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից, նախկին 20-ի փոխարեն: Սա ուղղված էր, անցումային շրջանում գործերի մեծ ծավալով պայմանավորված, Կոմիտեի բնականոն գործունեության ապահովմանը:

Կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը մեկ միասնական մարմնում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում, կենտրոնացնելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտեին: ՀՀ վարչապետի 14.10.2021թ. թիվ 1159-Ա որոշմամբ Քննչական կոմիտեի առավելագույն թվաքանակը պակասեցվել է 20 հաստիքով: Քննչական կոմիտեում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում Քննչական կոմիտեի կառուցվածքում և հաստիքացուցակում հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունն անվանափոխվել է Կոմիտեի՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության: Վարչապետի 14.10.2021թ. N 1159-Ա որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողների առավելագույն թիվը սահմանվել է 170 հաստիքային միավոր:

Օրենքով սահմանված են Կոմիտեի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանն ուղղված կարգավորումներ:

◊ Առանձնահատուկ նպատակի կատարման համապատասխանության վերլուծություն

  • Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ուսումնասիրության փուլը

Համաձայն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվում են բաց մրցույթի արդյունքում: Մրցույթի պարտադիր փուլ է կազմում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության փուլը: 

Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների եզրակացությունները ունեն խորհրդատվական բնույթ։ Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու ցանկություն ունեցող անձինք այլ փաստաթղթերի հետ իրավասու մարմին են ներկայացնում նաև ԿԿՀ-ի սահմանած ձևաչափով լրացված բարեվարքության հարցաթերթիկը, որը ներառում է տվյալներ անձի գույքային դրության, կրթության, աշխատանքային գործունեության, նախկինում քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ, իսկ ԿԿՀ-ն էլ տվյալների բազաների հետ համադրելու, իրավասու մարմիններին հարցումներ կատարելու, անձի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված  տեղեկությունների ուսումնասիրության միջոցով  կազմում և նշանակման իրավասություն ունեցող անձին/մարմնին ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն։ Բարեվարքության ստուգումներ անցկացնելու համար առանձին ընթացակարգ է սահմանվել ԿԿՀ մասին օրենքի 26.1 հոդվածով։ Նկատի ունենալով եզրակացությունների խորհրդատվական բնույթը, անկախ այն հանգամանքից, որ ԿԿՀ-ի կողմից տրված եզրակացությունը կոնկրետ անձի վերաբերյալ դրակա՞ն է, թե՞ բացասական, որոշում կայացնող մարմինը կաշկանդված չէ դրանով։  

Պետք է նշել, որ բարեվարքության ստուգման մասին խորհրդատվական եզրակացությունները հասանելի չեն հանրությանը։ Դրանք գաղտնի են, և այս խիստ գաղտնիության ռեժիմի դեպքում անհնար է գնահատել այս գործառույթի արդյունավետությունը, իրականացնել արդյունավետ հանրային վերահսկողություն և վերլուծել, թե տրամադրված եզրակացություններից (լինի այն դրական, թե՝ բացասական) քանիսն են հաշվի առնվել որոշումների կայացման ժամանակ և ինչքանով են դրանք ամբողջական տեղեկություններ պարունակում թեկնածուի բարեվարքության վերաբերյալ։  

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու ցանկություն ունեցող անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման ինստիտուտին, պետք է նշել, որ այստեղ նույնպես առկա են խնդրահարույց հարցեր։ Այսպես, ԿԿՀ-ն ստուգելու է այդ անձանց հայտարարագրերը՝ դրանց մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով։ Ընդ որում, պաշտոն զբաղեցնող անձանց շարքերում կան նրանք, որոնք նախկինում զբաղեցրել են այլ բարձրաստիճան պաշտոններ (օրինակ՝ Կոմիտեի ներկայիս նախագահը մինչև նշանակումը զբաղեցնում էր Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը)։ Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ այս ընդլայնված գործիքակազմը ԿԿՀ-ն կարող է կիրառել 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված հայտարարագրերի վերլուծության ընթացքում, իսկ մինչ այդ ներկայացված հայտարարագրերը կարող է վերլուծության ենթարկել ներկայում գործող իրավակարգավորումներին համապատասխան։ Մասնավորապես, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 4.1-րդ կետի համաձայն՝ հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ սույն օրենքով սահմանված դրույթները կիրառելի են նաև 2017 թվականի հուլիսի 1-ից ներկայացված կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի նկատմամբ: 

Այս ժամկետի սահմանումը պայմանավորված է ՀՀ-ում ապօրինի հարստացման հանցակազմը քրեականացնելու հետ, և այս պարագայում հետադարձ ուժի կիրառումը արգելվում է։ Այսինքն ստացվում է, որ ԿԿՀ-ն իրավասու վերլուծելու դատավորների 2017 թվականից հետո ներկայացրած հայտարարագրերը։ 

Այս իրավահարաբերությունների նկատմամբ հետադարձ ուժի կիրառման մասին 2019 թ-ին իր դիրքորոշումն է հայտնել նաև Վենետիկի հանձնաժողովը՝ 2020 թվականին ընդունված Դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ համատեղ կարծիքի շրջանակներում։ Մասնավորապես, հանձնաժողովը անդրադառնալով դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ նոր կանոններին, ընդգծել է, որ այս գործընթացում կարևոր է, որ այդ նոր՝ փոփոխվող դրույթները չունենան հետադարձ ուժ, և Հայաստանի օրենսդիրը դիտարկի նաև Դատական օրենսգրքի շրջանակներում փոփոխվող դրույթների հետադարձ ուժի չկիրառման մասին համապատասխան կարգավորման նախատեսումը։ Իսկ եզրակացության շրջանակներում հանձնաժողովը նշել է, որ ֆինանսական հայտարարագրերի հետ կապված դատավորների նոր պարտականություններն ընդունելի են (պայմանով, որ դրանք հետադարձ ուժ չունեն)։ 

Քննարկվող դեպքում իրավական խնդիրը կապված է հետադարձ ուժի կիրառման սահմանադրական սկզբունքի հետ (ՀՀ սահմանադրության 73-րդ հոդված), ըստ որի՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: 

Ըստ էության, այն դեպքում, եթե ԿԿՀ-ն վերլուծում է հայտարարատու անձի մինչև 2017 թվականի հայտարարագիրը և հայտնաբերում է խախտում, դրան չի կարող ընթացք տրվել՝ վերը նշված օրենքի դրույթի ուժով։ Ավելին, այս դրույթի փոփոխություն նույնպես կատարել հնարավոր չէ, քանի որ կստացվի, որ փոփոխությունները սահմանում են անձի իրավական վիճակը վատթարացնող կարգավորումներ, ինչը ՀՀ սահմանադրությամբ արգելված է՝ հետադարձ ուժ ունենալու տեսանկյունից, ինչպես նաև կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտմանը։ Փաստացի ստացվում է, իրավական մեխանիզմներով վաղեմության ժամկետները հաղթահարվել չեն կարող, իսկ նպատակին հասնելու գործիքները/ընթացակարգերը պետք լինեն իրավական՝ կայացված որոշումների անխոցելիության, և հետագայում՝ ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ ուղարկվող բողոքների բացառման նպատակով։ 

Նախքան Օրենքի առանձին կարգավորումներին անդրադառնալը, կարևոր է արձանագրել, որ Օրենքում ապահովված չեն Կոմիտեի ձևավորման համար միջազգային փորձի շրջանակներում ընդունված ընդհանուր չափանիշներից հիմնականները։ Այսպես․ 

1․ Օրենքով Կոմիտեն, որպես հակակոռուպցիոն մարմին, ինտեգրված չէ զսպիչների և հակակշիռների համակարգում՝ ժողովրդավարական կառավարում ապահովելու համար: Այսինքն, օրենքով լիովին պահպանված չեն Ջակարտայի սկզբունքներից ներքին և արտաքին հաշվետվողականությանը, հանրային հաղորդակցությունը և ներգրավվածությունը վերաբերող սկզբունքները։ Օրինակ, Օրենքով Կոմիտեն չունի մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից վերահսկողություն իրականացնելու ռեալ մեխանիզմ` հասարակական վերահսկողության իրականացման խորհուրդ (սույն նկատառումը չի վերաբերում Օրենքով նախատեսված մրցութային խորհրդին և մրցութային հանձնաժողովին, որտեղ նախատեսված են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման մեխանիզմներ, ինչպես նաև Կոմիտեի նախագահի հայեցողական լիազորությունը՝ խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին): Մեկ այլ օրինակ՝ Օրենքով նախատեսված չէ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներ։ Ըստ Օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում: Այսինքն, ըստ էության, խորհրդարանական վերահսկողություն չկա․ նախատեսված չեն Կոմիտեի նախագահի կողմից խորհրդարանում հաշվետվության ներկայացում և հարցուպատասխանի անցկացում, այդ թվում գրավոր հաղորդման վերաբերյալ, ինչը, իրապես հնարավորություն կտար ունենալ Կոմիտեի գործունեության իրական պատկերը՝ ներառյալ այն հիմնական խնդիրները որոնք կարող են առաջանալ։

Օրենքի առանձին կարգավորումների վերաբերյալ

2․ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` Կոմիտեի նախագահն իրավասու է ներքին անվտանգության ստորաբաժանման միջոցով պարբերաբար իրականացնելու Կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում՝ պրովոկացիոն եղանակներով։ Նշված դրույթը Օրենքով նախատեսվել է միջազգային փորձի հաշվառմամբ, սակայն կարծում ենք, որ Հայաստանում դրա արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ էր նախ խորքային վերլուծություն իրականացնել և ուսումնասիրել հայաստանյան իրավապահ մարմինների պրակտիկան: Նման կարգավորումը ընդունելի լինել չի կարող ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ գործառութային առումներով և  լրջապես կարող է վտանգել կոմիտեի ծառայողների անկախությունը, որպես քննիչ հանդես եկող դատավարության մասնակցի դատավարական ինքնուրույնությունը` երաշխավորված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածով։  Անհրաժեշտ է Օրենքով համապատասխան կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանել, հակառակ պարագայում, Կոմիտեի նախագահի կողմից այդ իրավասությունից օգտվելը կարող է դառնալ «գործիք» իր համար «ոչ ցանկալի» ծառայողներին աշխատանքից հեռացնելու համար։ Բացի այդ, հարց է առաջանում, թե նման եղանակով Կոմիտեի նախագահի առաքինության ստուգումը ո՞վ է իրականացնելու և ինչպե՞ս է վերահսկվելու այդ գործընթացը:

3․ Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 60 տարեկանը, որի լրանալուց հետո Կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել պաշտոնավարման ժամկետը: Միևնույն ժամանակ Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը համարվում է 65 տարեկանը: Տվյալ համատեքստում չպարզաբանված է մնում այն հարցը, թե ի՞նչ հիմնավորմամբ և ի՞նչ չափորոշիչներ հաշվի առնելով է  Կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը սահմանվել 60 տարեկանը, և Կոմիտեի նախագահին հայեցողական լիազորություն տրվել կամայականորեն երկարաձգելու կամ չերկարաձգելու նշյալ ժամկետը:

ԻՀԱ-ն նաև առաջարկություններ է ներկայացրել։ Մասնավորապես՝

– Վերանայել բարեվարքության ստուգման վերաբերյալ ԿԿՀ-ի խորհրդատվական եզրակացությունների մատչելիությունը, այն դարձնել բաց և հասանելի հանրության համար՝ ապահովելով օրենքով նախատեսված անձնական տվյալների գաղտնիությունը՝ հանրամատչելի անձնական տվյալների հաշվառմամբ։

– Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում մրցութային կարգով ստեղծել հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտական փորձառություն ունեցող հասարակական կազմակերպություններից բաղկացած խորհուրդ, որը հանրային վերահսկողություն կիրականացնի Կոմիտեի գործունեության նկատմամբ: Նախատեսել նաև, որ Կոմիտեն հաղորդում կներկայացնի այս խորհրդին և խորհրդի անդամներին իրավունք վերապահվի հարցեր տալու: 

– Օրենքով սահմանել համապատասխան կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, որպեսզի Կոմիտեի նախագահի կողմից՝ Կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում՝ պրովոկացիոն եղանակներով, իրականացնելը չդառնա «գործիք» իր համար «ոչ ցանկալի» ծառայողներին աշխատանքից հեռացնելու համար։ Նախատեսել նաև, նման եղանակով Կոմիտեի նախագահի առաքինության ստուգման իրավական հնարավորությունը և այդ ստուգման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Անհրաժեշտ է լրացուցիչ քննարկել այն սուբյեկտային կազմը, որոնք իրականացնելու են այս գործառույթները։ 

– Կոմիտեի նախագահի տեղակալներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասությունը վերապահել Կոմիտեի նախագահին՝ հիմնվելով Ջակարտայի սկզբունքների վրա, համաձայն որոնք՝ հակակոռուպցիոն մարմիններն իրենք պետք է լիազորություն ունենան հավաքագրելու և հեռացնելու իրենց անձնակազմի անդամներին։

– Վերացնել Կոմիտեի նախագահին տրված ավելորդ հայեցողական լիազորությունները՝ Կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնի սահմանային տարիքը հինգ տարի ժամկետով կամայականորեն երկարաձգելու կամ չերկարաձգելու մասով։ Այս առաջարկը չընդունելու դեպքում, սահմանել Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների և Կոմիտեում պաշտոն զբաղեցնող այլ անձանց համար պաշտոնի սահմանային տարիքի նույնանման չափորոշիչներ՝ առանց տարբերակման (Կոմիտեի նախագահի և նրա տեղակալների պաշտոնի սահմանային տարիքը՝ 65-ն է, իսկ Կոմիտեում պաշտոն զբաղեցնող այլ անձանցը՝ 60)։

—————

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականին իրականացման ենթակա գործողությունների մտադիտարկման արդյունքների զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել