Հարցին, թե ինչո՞ւ երկրում 3-4 ամիս է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չի նշանակվում, պաշտպանության նախարարը զարմացած դեմքով պատասխանում է՝ «շտաբի պետի պաշտոնակատարն ամբողջությամբ իրականացնում է շտաբի պետի լիազորություններ, ես ուզում եմ հասկանալ, թե խնդիրը ինչի մեջ է»․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ազային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ եթե ամեն նորմալ է, ապա ինչո՞ւ պաշտպանության նախարարին էլ որպես պաշտոնակատար չնշանակեցին, ԱԽ քարտուղարին, ԱԱԾ պետին, մյուսներին։
«Միգուցե դա էլ փոխեք։ Գրեք, որ իմաստ չկա որևէ մեկին նախարար նշանակել ու դրեք պաշտոնակատար, մեկ է՝ ըստ ձեր տրամաբանության որևէ տարբերություն չկա։
Բոլոր այն զինվորականները, որոնք ի վիճակի էին ԳՇ պետի պաշտոն զբաղեցնել կամ բանակից հանել են, պայմանագրերը չեն երկարաձգել կամ պարզապես այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ իրենց կամքով դուրս գան։
Դեռ չեմ խոսում այն զինվորականների մասին, ովքեր իրենց պատվից ցածր են համարում այս իշխանության հետ առնչվելուց և նրանց ենթակայությամբ պաշտոն զբաղեցնելուց։
Երկրում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն զինվորականներին, ովքեր կարող են զբաղեցրել ԳՇ պետի պաշտոնը կամ նշանակվելուց կարճ ժամանակ անց համապատասխանել դրան, սակայն նրանք այս պահին ԶՈՒ շարքերում չեն»։