Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ հունիսի 5-ին, հայտարարել է, որ Եվրոպայում խուճապ է տիրում Ուկրաինայի հակամարտության պատճառով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Մինչ մեր երկիրը 11 տարի հաջողությամբ հաղթահարում է Սիրիայից անօրինական միգրացիան, մենք խուճապ ենք տեսնում Եվրոպայում՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի պատճառով: Մենք աղոթում ենք, որ աշխարհը շուտափույթ դուրս գա այն կրիտիկական շրջանից, որն անցնում է այսօր»,- ասել է նա՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։