«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ի սկզբանե ասել եմ, որ այս շարժման հետևում կանգնած մարդիկ խաղաղ հանրահավաքներով ոչ մի հաջողության չեն հասնելու, քանի որ հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի պատասխանատուներն իրենց բնությով չեն կարող խաղաղ ու ժողովրդավար լինել, ինչը ենթադրելի է, որ «խաղաղ»-ի քողի տակ փորձելու են երկրում քաոս առաջացնել, որն էլ կտանի նրան, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր մտնեն Հայաստանի սուվերեն տարածք, և որի արդյունքում մենք կկորցնենք պետականությունն ու ինքնիշխանությունը։
Ասել եմ նաև, որ ագրեսիվ գործողությունները տեղի են ունենալու այն ժամանակ, երբ հասկանան, որ «խաղաղի» արդյունքում նոսրանում ու մաշում են, ինչպես նաև՝ հայտնվում են փակուղում։ Այսօրվա բռնությունները դրա վառ ապացույցն էին։
Այն ոստիկանները, ովքեր իրենց լիազորությունների սահմաններում կանխում են քաոսը, ուրեմն հասկանում են իրենց առաքելությունը և պահում են պետականության դրոշը, շնորհակալ եմ բոլորին, իսկ նրանք ովքեր հասկանում են պետականության պահպանման անհրաժեշտությունը, բայց բռունցքներով ու քացիներով մասնակցում են քաոսի ստեղծմանը, նրանք պետք է պատժվեն խստորեն ու ժամանակավորապես կամ ընդհանրապես հեռու մնան ոստիկանության ծառայությունից։
Ինքնիշխանության ու ժողովրդավարության պահպանմամբ, ինչպես նաև քաղաքական դաշտից այլ երկրների գործակալներին մեկուսացմամբ է հնարավոր պետության անվտանգության ապահովումը, իսկ սա մեծ մարտահրավեր է, որին պետք է հասնենք»,- գրել է նա։
Նշենք, որ ավելի վաղ «Դիմադրություն» շարժման մասնակիցները շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը, որից հետո երթով շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ էլ կանգ առան:
Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էլ՝ դիմելով հավաքված ոստիկաններին, կոչ արեց բացել ճանապարհը, որպեսզի շարժման մասնակիցները կարողանան այդ կողմով շարժվել Ազգային ժողով, որից հետո քաշքշուկ և հրմշտոց սկսվեց ոստիկանների և շարժման մասնակիցների միջև: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտել էր նիստը, որի արդյունքում այն տեղի չունեցավ: