Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2021-2023 թվականների գործողությունների ծրագրի 4-րդ նպատակով նախատեսված է ընտրական օրենսդրության բարեփոխումը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված և հրապարակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության շրջանակներում ընտրական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վերլուծության համաձայն՝ քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությանն ու թափանցիկության բարձրացմանն ուղղված գործողությունները չեն կատարվել։
Վեևլուծության մեջ նշվում է, որ 07.05.2021թ․ ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ընտրական օրենսգրքում, որոնք վերաբերում են նաև ընտրությունների ֆինանսավորմանը, որոշ փոփոխություններ ուղղված են քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետության բարձրացմանը: Կարևոր փոփոխություններից պետք է համարել ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածում կատարված փոփոխությունները, մասնավորապես հետևյալ.
«1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները նախընտրական քարոզչության նախապատրաստման, կազմակերպման և իրականացման հետ կապված ծախսերն իրականացնում են նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։
Նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների և ընտրական շտաբների կոմունալ ծախսերը, ինչպես նաև նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսերը կարող են չներառվել նախընտրական հիմնադրամում…»:
Ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածը խմբագրվել է՝ 1. Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն օրենսգրքով և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
Սակայն նույնիսկ այս փոփոխությունները ամբողջապես չեն կարող երաշխավորել քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետության ու թափանցիկության բարձրացումը հետևյալ հիմնավորումներով.
ա/ նախընտրական հիմնադրամներում հայտարարագրած և իրականում ծախսած գումարները էականորեն տարբերվում են, քանի որ քարոզարշավի ընթացքում ոչ նախընտրական հիմնադրամների միջոցների հաշվին ծախսած կամ օգտագործած ռեսուրները իրականում միշտ զգալի չափով ավելի են, քան հիմնադրամների միջոցների հաշվին կատարած ծախսերը, որովհետև նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին կատարվող ծախսի իրավական սահմանումը չի ներառում մի շարք կարևորագույն ծախսեր, ինչպես օրինակ՝ փոխադրամիջոցների վարձակալության (մինչև 7 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաները), փոխադրամիջոցների անհատույց օգտագործման տակ փոխադրամիջոցների օգտագործումը, փոխադրամիջոցների վառելիքի և մաշվածության ծախսերը, նախընտրական շտաբերի ու քարոզչական նպատակներով տարածքների անհատույց օգտագործման տակ տարածքների օգտագործումը, սննդի, հյուրասիրությունների ծախսերը և այլն:
բ/ եթե օրենքով հնարավորություններ կա շրջանցել և մի շարք կարևորագույն ծախսեր կատարել նախընտրական հիմնադրամները շրջանցելով, ուրեմն այդ ծախսերի նկատմամբ չի կարող լինել ինստիտուցիոնալ, պատշաճ և արդյունավետ վերահսկողություն` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
Այս մասին ասված է նաև 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում. «Թեև քարոզարշավի ֆինանսավորման կանոնակարգումները մանրամասն են, մի շարք թերություններ թույլ են տալիս շրջանցել իրավական կարգավորումները: Մասնավորապես, չնայած վաղուց արված ԺՀՄԻԳ հանձնարարականի՝ քարոզարշավային ծախսի իրավական սահմանումը չի ներառում կազմակերպչական ծախսերը, ինչպես օրինակ՝ տարածքների վարձակալության, փոխադրամիջոցների, հաղորդակցության, և քարոզչության մեջ ներգրավված աշխատակիցների վարձատրության ծախսերը՝ մրցակիցներին հնարավորություն տալով այս ծախսերն օգտագործել որպես սահմանաչափերը շրջանցելու պատճառ:
ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն արձանագրել է, որ որոշ կուսակցություններ օգտագործում են բարեգործական կազմակերպություններ և անձնական համբավը քարոզչական ծախսերի սահմանաչափերը շրջանցելու համար: Թեև Կուսակցությունների մասին փոփոխված օրենքն արգելել է առևտրային կազմակերպություններից կուսակցության ֆոնդեր կատարվող նվիրատվությունները և սահմանել է համապատասխան պատժամիջոցներ, որոշ ԺՀՄԻԳ զրուցակիցներ նշեցին, որ այդ արգելքը կարող է շրջանցվել՝ մեծ կորպորատիվ նվիրատվությունները մասերի բաժանելով և անհատ քաղաքացիների մանր նվիրատվությունների տեսքով ներդնել քարոզարշավի համար նախատեսված կուսակցությունների ֆոնդեր: Մինչ իրավական դաշտի վերջին փոփոխություններով սահմանվել են պատժամիջոցներ, քարոզարշավի ֆինանսավորման կանոնների խախտումների համար սահմանված քրեական և վարչական պատասխանատվություն նախատեսող ամենակարևոր փոփոխություններից մի քանիսը ուժի մեջ են մտնելու միայն 2022թ.-ից:
Ինչպես նախկինում նշվել է ԺՀՄԻԳ հանձնարարականներում, իրավական դաշտը պետք է փոփոխվի՝ սահմանելով բոլոր քարոզարշավային ծախսերի և մուտքերի հայտարարագրում և հաշվառում՝ ներառյալ կազմակերպչական և նախքան քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կատարված ծախսերը, իսկ քարոզարշավի ֆինանսավորման վերստուգիչ լիազորություն ունեցող կազմակերպությունները պետք է օժտվեն իրենց պարտականությունները կատարելու համար բավարար ռեսուրսներով:
Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից և գովազդներից, շարունակում է ընկալվել որպես իշխանամետ խմբագրական քաղաքականություն ունեցող լրատվամիջոց: Միևնույն ժամանակ ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցները նշեցին, որ տարբեր մասնավոր հեռարձակողներ ևս ունեն բավական վաղեմի փոխկապակցվածություն քաղաքական այս կամ այն ուժի հետ: Թեև օրենքով
արգելվում է քաղաքական ուժի կողմից սեփականատիրությունը, առկա գործելակերպը, համաձայն որի քաղաքական կուսակցությունների կամ քաղաքական գործիչների ֆինանսական միջոցները ուղղվում են տարբեր խողովակներով, ընկալվում է որպես հեռուստատեսային միջավայրում քաղաքական բազմազանություն ապահովման փաստացի ընդունված իրավիճակ: Օրենքովթվար կված են այն սուբյեկտների և անձանց կատեգորիաները, որոնք կարող են լինել մասնավոր հեռարձակողի հիմնադիր կամ փայատեր: Այն, ի թիվս այլոց, ներառում է ԱԺ պատգամավորների և նրանց հետ փոխկապակցված անձանց, քաղաքական կուսակցություններ, կառավարական մարմինների անդամներ և նրանց հետ փոխկապակցված անձանց, քաղաքական կուսակցությունների հիմնադրամներ:
Հեռարձակողները պարտավոր են հայտնել, թե ովքեր են իրենց հիմնադիրներն ու փայատերերը, սակայն այս պահանջը չկատարելու համար պատժամիջոց չի սահմանվում, ինչպես նաև առկա չէ որևէ իրավական կառուցակարգ այն պարտադրելու համար:
ԶԼՄ սեփականության լիարժեք թափանցիկությունն ապահովելու համար պետք է ձեռնարկվեն օրենսդրական միջոցներ՝ սահմանելու, որ լրատվամիջոցների սեփականատերերի մասին ամբողջ տեղեկատվությունը բացահայտվի հանրության համար, իսկ այդպիսի բացահայտումը պետք է պարտադրված լինի օրենքով:
Չնայած քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետության ու թափանցիկության բարձրացման ուղղված որոշակի օրենսդրական փոփոխություններին, հաշվի առնելով ոլորտային իրավական նորմերի վերլուծությունը, թույլ է տալիս հանգել այն եզրահանգման, որ ընդհանուր առմամբ չի իրականացվել քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետության ու թափանցիկության բարձրացմանը ուղղված համակարգային, ամբողջական և արդյունավետ իրավական կարգավորումներ:
—————
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։