Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2021-2023 թվականների գործողությունների ծրագրի 4-րդ նպատակով նախատեսված է ընտրական օրենսդրության բարեփոխումը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված և հրապարակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության շրջանակներում ընտրական օրենսդրության բարեփոխման վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վերլուծության համաձայն՝ ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի ներդրումը մասամբ է կատարվել։
Վերլուծության մեջ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքը, որը 01.04.2021թ․ ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից, 26.04.2021թ․ ստորագրվել է ՀՀ ԱԺ նախագահի կողմից և ուժի մեջ է մտել 27.04.2021թ․, մի կողմից մասամբ ապահովում է ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի ներդրումը, քանի որ դրանով վերացվում է ընտրողների համար բավականին բարդ ու խճճված պատգամավորության թեկնածուների տարածքային բաց ցուցակների օրենսդրական կարգավորումն ու ապահովում ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի պարզ համամասնական ընտրակարգի` համամասնական համակարգի մեկ համապետական ցուցակի կիրառումը, իսկ մյուս կողմից ամբողջապես չի ապահովում կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցումը (մանդատների բաշխմանը մասնակցության իրավունք ունենալու համար կուսակցությունները պետք է ստանան առնվազն հինգ տոկոս, իսկ երկու կամ ավելի կուսակցությունների դաշինքները՝ առնվազն յոթ տոկոս ձայներ:
07.05.2021թ. ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքը, որով ընտրվելու հինգ տոկոսի շեմը կուսակցությունների համար թեև իջեցվել է, իսկ կուսակցությունների դաշինքների համար այն բարձրացվել, սակայն այդ փոփոխությունը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին վերաբերելի չէր):
Ավելին, նույն օրենքի իրավակարգավորումներով, փաստացի, խոցելի է դառնում կայուն մեծամասնության սահմանադրական պահանջ հանդիսացող խոհրդարանական մեծամասնություն երաշխավորող մեծամասնության լրացուցիչ մանդատների կառուցակարգը, ինչը խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից։ 07.05.2021թ․ ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածով նախատեսվում է, որ. «1. Եթե որևէ կուսակցություն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով ստացել է սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 52 տոկոսից պակաս, ապա այդ կուսակցությունն ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որոնց արդյունքով այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 52 տոկոս։», իսկ ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը սահմանում է, որ «Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը»։
Ընտրական համակարգի մասին ասված է նաև 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում. «Բարեփոխվել է համամասնական ընտրակարգը։ Ապրիլի փոփոխությունների համաձայն՝ տարածքային բաց ցուցակների վերացման արդյունքում ընտրողներն այժմ փակ համամասնական համակարգի մեկ համապետական ցուցակով ընտրում են առնվազն 101 պատգամավոր հնգամյա ժամկետով…»:
Ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի ներդրման վերաբերյալ իրականացված փոփոխությունների մասով իրավական նորմերի վերլուծությունը թույլ է տալիս հանգել այն եզրահանգման, որ մասամբ է իրականացվել ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի ներդրման վերաբերյալ իրավակարգավորումները, սակայն խոհրդարանական մեծամասնություն երաշխավորող մեծամասնության լրացուցիչ մանդատների նոր իրավակարգավորման մասով այն խոցելի է կայուն մեծամասնության սահմանադրական պահանջի տեսանկյունից։
Վերլուծության եզրակացության և առաջարկությունների բաժնում անդրադարձ է կատարվել նաև այս գործողությանը։ Դրանում ասվում է․ «Ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի ներդրման վերաբերյալ իրականացված փոփոխությունների մասով իրավական նորմերի վերլուծությունը թույլ է տալիս հանգել այն եզրահանգման, որ խորհրդարանական մեծամասնություն երաշխավորող մեծամասնության լրացուցիչ մանդատների նոր իրավակարգավորումը խոցելի է կայուն մեծամասնության սահմանադրական պահանջի տեսանկյունից, քանի որ վտանգվում է կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքը։
Անհրաժեշտ է Ընտրական օրենսգրքի փոփոխություների կատարման միջոցով ապահովել կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքի իրագործումը»:
—————
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։