Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2021-2023 թվականների գործողությունների ծրագրի 5-րդ նպատակով նախատեսված է դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդումը։ Այս նպատակին ուղղված որպես առանձնահատուկ նպատակներից է դատական իշխանության ֆինանսավորման, դատավորների և նրանց աշխատակազմի համաչափ վարձատրությունը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված և հրապարակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարության շրջանակներում դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդման վերաբերյալ ընդունված իրավական ակտերի վերլուծության համաձայն, դատական իշխանության ֆինանսավորման, դատավորների և նրանց աշխատակազմի համաչափ վարձատրության համար կատարված գործողությունները չեն կատարվել։
Մասնավորապես, նշենք, որ այս գործողությամբ նախատեսված է՝ մշակել օրենսդրական փոփոխություններ ուղղված՝ դատավորի աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների, բարձրացմանը:
Համաձայն 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-337-Ն օրենքի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 13-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
«5. Հակակոռուպցիոն դատարանի դատավորին, գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով։
6. Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներին և վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորներին, գործունեության ոլորտով պայմանավորված ռիսկայնությունից ելնելով, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով»:
Համաձայն Ռազմավարական առանձնահատուկ նպատակի՝ պետք է իրականացվի բոլոր դատավորների համաչափ վարձատրություն։
Համանման ձևակերպում նախատեսված է նաև գործողության շրջանակներում, այն է՝ բարձրացնել դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված հավելավճարները։
Փաստացի, կատարված գործողությունը վերաբերում է սահմանափակ թվով դատավորների, մասնավորապես՝ նրանց, ովքեր հանդիսանում են Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ, Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներ և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորներ, այն ինչ Ռազմավարական առանձնահատուկ նպատակը նման սահմանազատում չի նախատեսում և ենթադրում է բոլոր դատավորներին համաչափ վարձատրություն։
Վերլուծության մեջ նշվում է, որ վերոհիշյալ իրավական նորմերի վերլուծությունը, չնայած վեր հանված խնդիրների, թույլ է տալիս հանգել այն եզրահանգման, որ մշակված օրենսդրական փոփոխությունները համապատասխանում են Ռազմավարական առանձնահատուկ նպատակին։
– Նախատեսված է՝ փոփոխություններ կատարել համապատասխան իրավական ակտերում՝ ուղղված դատավորի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացմանը:
Համաձայն ՀՀ ԱՆ-ի կողմից հրապարակած «Հայաստանի Հանրապետության Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-L որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրերի 2019, 2020, 2021 թվականներին կատարման ենթակա ընթացքի վերաբերյալ, որոնք կատարվել են 2021 թվականի առաջին և երկրորդ կիսամյակներում» զեկույցի՝ ներկայումս քննարկումներ են իրականացվում դատավորի աշխատակազմի աշխատավարձի բարձրացման հարցի նպատակահարմարության և հնարավորության վերաբերյալ։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն գործողության շրջանակներում չեն կատարվել այնպիսի աշխատանքներ, որոնք կարող են գնահատվել որակական տեսանկյունից, ուստի հնարավոր չէ կատարել սույն գործողության որակական գնահատում։
– Նախատեսված է՝ դատարաններին ապահովել իրենց արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմաններով:
Համաձայն ՀՀ ԱՆ-ի կողմից հրապարակած «Հայաստանի Հանրապետության Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-L որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրերի 2019, 2020, 2021 թվականներին կատարման ենթակա ընթացքի վերաբերյալ, որոնք կատարվել են 2021 թվականի առաջին և երկրորդ կիսամյակներում» զեկույցի և ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ԻՀԱ-ին տրամադրած տեղեկատվության՝ Հակակոռուպցիոն դատարանի շենքի վերակառուցման նպատակով Երևանի Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում տեղակայված շենքի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայությունների համար ՀՀ կառավարության 27.11.2020թ-ի N 1897-Ն որոշմամբ հատկացվել է 5.0 մլն դրամ՝ որպես կանխավճար: ՀՀ դատարանների գործունեության համար նյութատեխնիկական բազայով ապահովման նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է՝ 2019թ. շուրջ 704.0 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 627.1 մլն դրամ և 2020թ. շուրջ 629.5 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 441.0 մլն դրամ:
2021 թվականին ՀՀ կառավարության 25.02.2021թ. N 258-Ն որոշմամբ, ԵՄ դրամաշնորհային միջոցների հաշվին, դատարաններին նյութատեխնիկական բազայով ապահովման նպատակով հատկացվել է շուրջ 444.0 մլն դրամ:
Դատարանների շենքային պայմանների ապահովման նպատակով կատարվել են մի շարք աշխատանքներ։
Վերլուծությունում նշվում է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ չնայած ԻՀԱ-ի կողմից օրենքով սահմանված կարգով արված տեղեկատվական հարցումներին՝ ՀՀ ԱՆ-ն և/կամ ԲԴԽ-ն չեն տրամադրվել կնքված գնման պայմանագրերի պատճեները, ինչպես նաև կատարված ֆինանսական ծախսերի վերաբերյալ անհրաժեշտ մանրամասն տեղեկություններ, ուստի հնարավոր չէ կատարել սույն գործողության որակական գնահատում։
– Նախատեսված է՝ դատարաններին ապահովել իրենց արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով:
Համաձայն ՀՀ ԱՆ-ի կողմից հրապարակած «Հայաստանի Հանրապետության Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-L որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրերի 2019, 2020, 2021 թվականներին կատարման ենթակա ընթացքի վերաբերյալ, որոնք կատարվել են 2021 թվականի առաջին և երկրորդ կիսամյակներում» զեկույցի՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, ԵՄ դրամաշնորհային ծրագրերի հաշվին, դատարանների գործունեության համար նյութատեխնիկական բազայով ապահովման նպատկով հատկացվել է շուրջ 440.0 մլն դրամ։
Ք․ Երևան, Հալաբյան 41 ա հացեում գտնվող շենքի 10-13-րդ հարկերի վերանորոգման աշխատանքների ապահովման շրջանակներում ԱՆ-ը կնքվել է անցակետային հսկողության և անվտանգության համակարգի ձեռքբերման պայմանագիր՝ 6.420.000 ՀՀ դրամ արժեքով, որի աշխատանքները ավարտվել են։ Բացի այդ, ԲԴԽ-ի տեխնիկական հագեցվածության ապահովման ծրագրի շրջանակում իրականացվել են պետական գնման գործընթացներ, որոնք արդյունքում ձեռք են բերվել անհրաժեշտ նյութական միջոցներ։
ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկատվության հիման վրա՝ դատարանների տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով ՀՀ 2020թ պետական բյուջեով նախատեսվել է 629.5 մլն դրամ, որից շուրջ 314.8 մլն դրամը 2020թ 1-ին կիսամյակում: Միաժամանակ, հակակոռուպցիոն դատարանների նյութատեխնիկական կարիքների գնահատման արդյունքում Հայաստանի Հանրապետության 2021-2023 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի «Նոր նախաձեռնություններ» հավելվածում նախատեսվել են հակակոռուպցիոն դատարանների կարիքների համար անհրաժեշտ միջոցներ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ չնայած ԻՀԱ-ի կողմից օրենքով սահմանված կարգով արված տեղեկատվական հարցումներին՝ ՀՀ ԱՆ-ն և/կամ ԲԴԽն չեն տրամադրվել կնքված գնման պայմանագրերի պատճեները, ինչպես նաև կատարված ֆինանսական ծախսերի վերաբերյալ անհրաժեշտ մանրամասն տեղեկություններ, ուստի հնարավոր չէ կատարել սույն գործողության որակական գնահատում։
—————
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մշակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ ։