Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը BBC-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Մոսկվան Ուկրաինայի հետ պատերազմում մարտավարական միջուկային զենք չի օգտագործի։ Նա նաև կրկնել է Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը, որ ռուս զինվորականների կողմից ռազմական հանցագործությունների մասին բազմաթիվ ցուցմունքները կեղծ են։
«Մարտավարական միջուկային զենքերը, համաձայն ռուսական ռազմական դոկտրինի, չեն օգտագործվում այսպիսի հակամարտություններում»,- ասել է Անդրեյ Կելինը։
Դեսպանի խոսքով, Ռուսաստանում «միջուկային զենքի կիրառումը շատ խիստ կարգավորվում է, և հիմնականում դա հնարավոր է այն դեպքերում, երբ պետության գոյությունը վտանգի տակ է»․ «Դա ոչ մի կապ չունի ներկայիս գործողության հետ»։
Ի պատասխան BBC-ի լրագրող Քլայվ Մեյրին, նշել է, որ Կրեմլում ռուսական ներխուժման պատճառներից մեկը, ըստ ռուսական կողմի, հենց Ռուսաստանի գոյությանը սպառնացող վտանգն էր։ Բայց դեսպանը շտապել է վստահեցնել, որ Ռուսաստանը «այդ խնդիրը լուծում է սահմանափակ ռազմական գործողություն իրականացնելով»։
«Երևի նկատել եք, որ մենք այնտեղ չենք ավելացնում մեր զինված ուժերի թիվը, մենք կարծում ենք, որ դրանք բավարար են մեր խնդիրները լուծելու համար»,- հավելել է դիվանագետը։
Մայիսին Ռուսաստանի դաշնային ալիքները սկսեցին ավելի ու ավելի հաճախ հիշատակել միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին: Այս սպառնալիքներն արվել են ռուսական բանակի զգալի հաջողությունների բացակայության և Արևմուտքից Ուկրաինային զենքի ու տեխնիկայի մատակարարումների ավելացման ֆոնին, գրում է BBC-ն։