Մինչև դատավճռի հրապարակումը հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխել հնարավոր չէ: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) «Մարդու իրավունքների հանձնաժողովի» նախագահ, փաստաբան Մարատ Ատովմյանը:
Վերջինիս խոսքերով՝ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության կողմից, քանի որ Հարությունյանը կասկածվում է այդ պետության տարածքում հանցագործություն կատարելու մեջ:
ՌԴ քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՌԴ տարածքում հանցագործություն կատարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության ՌԴ քրեական օրենսգրքին համապատասխան:
«Յուրաքանչյուր քրեական գործի քննության ժամանակ կատարվում են մի շարք դատավարական գործողություններ: Կոնկրետ այս գործի շրջանակներում պետք է հարցաքննվեն բազմաթիվ տուժողներ, վկաներ, նշանակվեն փորձաքննություններ և այլն: Բնականաբար, հնարավոր չէ Ռուսաստանում կատարված դեպքը քննել Հայաստանում»,- նշեց Մարատ Ատովմյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ նմանատիպ օրենք գործում է նաև Հայաստանում: ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ եթե ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով:
Մարատ Ատովմյանը տեղեկացրեց, որ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցին հնարավոր կլինի անդրադառնալ միայն այն դեպքում, երբ Ռուսաստանում օրինական ուժի մեջ կմտնի վերջինիս ազատազրկման դատապարտող դատավճիռ: Նա կոչ արեց չմոռանալ անմեղության կանխավարկածի մասին և չբացառել, որ հայ վարորդը կարող է ընդհանրապես չդատապարտվել ազատազրկման:
«Եթե, այնուամենայնիվ, նա Ռուսատանում դատարանի կողմից դատապարտվի ազատազրկման, ապա այս դեպքում Հայաստանի Հանրապետությունը կարող է դիմել Ռուսաստանին, որպեսզի Հրաչյա Հարությունյանը պատիժը կրի հայրենիքում»,- զրույցի վերջում հավելեց Մարատ Ատովմյանը:
Արև Ավագյան
Իրավաբան.net