Կիբերհանցագործություններն այնքան արագ են տարածվում, ձևափոխվում, վերափոխվում, որ դրանց ինչ-որ քրեաիրավական սահմանների ու սահմանումների մեջ տեղավորելը միշտ չէ, որ հնարավոր է լինում կատարել։ Այս մասին Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշում է ՀՀ քննչական կոմիտեի hատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Ադիլխանյանը։
Նրա կարծիքով՝ կիբեռհանցագործությունը ինտելեկտուալ հանցագործություն է։ Ռոբերտ Ադիլխանյանը ոլորտի ամենահնաբնակն է, 10 տարի առաջ առաջին կիբեռհանցագործության վերաբերյալ քրեական գործ քննող քննիչն է հանդիսացել։ Նրա հետ զրուցել ենք մասնագիտության, ոլորտում առկա իրավիճակի, վտանգների ու առաջիկա անելիքների մասին։
-Պարոն Ադիլխանյան, վերջերս բավականին շատ է խոսվում կիբեռհանցագործությունների մասին. ինչպիսի՞ վիճակագրություն ունենք այդ ուղղությամբ:
– Ժամանակակից աշխարհում հասարակության զարգացումն առանց համացանցի, համակարգչային սարքավորումների անհնարին է դարձել: Մարդու գործունեության բոլոր բնագավառներում դրանց համատարած ներդրման հիմնական պատճառներն են շարժունակությունը, հարմարավետությունն ու մատչելիությունը:
Եվ այս ամենին զուգահեռ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ ժամանակակից պայմաններում ինտերնետի հսկայական տեխնիկական պոտենցիալը և անսահմանափակ հնարավորությունները կարող են առավել հաճախ օգտագործվել հանցավոր նպատակների համար: Ընդ որում, ինտերնետը, մի կողմից, թույլ է տալիս ավելի «արդյունավետ» կատարել նախկինում էլ գոյություն ունեցող ավանդական հանցագործությունները, մյուս կողմից` առաջ է բերում նոր, նախկինում հասարակությանն անհայտ և հանրորեն վտանգավոր արարքների տեսակներ: Վերջին տարիներին համացանցն օգտագործվում է ոչ միայն քրեորեն պատժելի առանձին հանցանքների, այլև` ծայրահեղ վտանգ ներկայացնող միջազգային բնույթի արարքների կատարման նպատակով, մասնավորապես` «ցանցային/մեդիա պատերազմ», «կիբեռտեռորիզմ» և այլն, որոնք սպառնալիք են ստեղծում ինչպես առանձին պետությունների անվտանգության, այնպես էլ ողջ միջազգային հանրության համար:
Եվ ահա, նոր և ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծումն առաջ է բերում հանրության համար վտանգավոր արարքների նոր դրսևորումներ՝ համակարգչային/կիբեռ հանցագործություններ: Այդ է պատճառը, որ վերջերս շատ է խոսվում համակարգչային/կիբեռ հանցագործությունների մասին։
Կիբեռհանցագործությունների մասին խոսելուց առաջ, կարծում եմ, կարիք կա պատկերացում կազմելու դրա բնորոշման վերաբերյալ։ Ի՞նչ է առհասարակ կիբեռ/համակարգչային հանցագործությունը։ Պետությունների, միջազգային հանրության և խնդրով զբաղվող փորձագետ իրավաբանների մոտ անգամ համակարգչային հանցագործությունների հասկացության, սահմանման և դրանց հստակ ցանկի/տեսակների վերաբերյալ չկա միակարծություն։ Այս տեսակի հանցագործություններն այնքան արագ են տարածվում, ձևափոխվում, վերափոխվում, որ դրանց ինչ-որ քրեաիրավական սահմանների ու սահմանումների մեջ տեղավորելը միշտ չէ, որ հնարավոր է լինում կատարել։ Կան տարբեր կարծիքներ ու մոտեցումներ դրանց անվանելու՝ համակարգչային հանցագործություններ, կիբեռհանցագործություններ, թե՞ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործություններ։ Թեև հանցագործության առարկան երեք դեպքերում էլ գրեթե նույնն է, սակայն կան նաև գաղափարական, տեխնիկական և այլ առանձնահատկություններ, որոնք ունեն նշանակություն, բայց դա ավելի շատ մասնագիտական տիրույթում քննարկման առարկա է, որի մասին այժմ չեմ ծավալվի։
Անձամբ ես հակված եմ այդ երևույթն անվանել կիբեռհանցագործություններ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2008 թվականին վավերացրել է «Կիբեռհանցագործությունների մասին» Բուդապեշտի Կոնվենցիան, որը հանդիսանում է ոլորտի ամենահիմնական և համապարփակ միջազգային պայմանագիրը, որտեղ սահմանված է նաև կիբեռհանցագործություն համարվող հանցագործությունների հիմնական ցանկը։ Բուդապեշտի Կոնվենցիայի T-CY կոմիտեի կողմից մշակվում և կոնվենցիային մասնակից պետություններին ներկայացվում են անհրաժեշտ բացատրական զեկույցներ և մեթոդաբանական ուղեցույցներ, որոնք օգնում են Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Կոնվենցիոն քրեական և քրեադատավարական նորմեր կիրառելիս։
Եթե առավել մատչելի արտահայտվեմ, ապա լայն իմաստով կիբեռհանցագործություններ են համարվում համակարգչային համակարգերի, ցանցերի, մեքենայական կրիչների օգտագործմամբ, ինչպես նաև դրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները։
Ըստ Կոնվենցիայի ու նաև մեր պատկերացումների՝ կիբեռհանցագործությունները, ըստ ոտնձգության օբյեկտի, բաժանվում են 3 հիմնական խմբերի. առաջինը՝ ֆինանսական կիբեռհանցագործություններ (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակությունը), երկրորդը՝ համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ (հաքերային հարձակումներ, տարբեր սոցցանցերի օգտահաշիվների ապօրինի տիրանալու դեպքեր և այլն), երրորդը՝ այլ (համակարգչային համակարգերի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը և պահպանելը, հեղինակային և հարակից իրավունքները խախտելը, անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածումը):
Անդրադառնալով Ձեր հարցին՝ նշեմ, որ կիբեռհանցագործությունների հստակ սահմանում և ցանկ չլինելու հանգամանքով պայմանավորված՝ բացակայում է նաև այդ հանցատեսակի պաշտոնական վիճակագրությունը։ Դրա հետ մեկտեղ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում կատարված բոլոր ֆինանսական կիբեռհանցագործությունների և համակարգչային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննությունն իրականացվում է մեր ստորաբաժանման կողմից, կարող եմ ասել, որ վերջին երեք տարում արձանագրված և վարույթ ընդունված քրեական գործերը աճել են շուրջ 3 անգամ։ Այդպիսի աճի շարժընթաց չի արձանագրվում որևէ այլ հանցատեսակի պարագայում։ Մեր կողմից նման վիճակագրությունը վարվում է զուտ կիբեռհանցավորության քրեագիտական պատկերին ու միտումներին հետևելու և հակազդելու նպատակով։
– Ի՞նչ են ցույց տալիս քննության արդյունքները, կիբեռհանցագործությունները առավել շատ կատարվում են երկրի ներսու՞մ, թե՝ արտերկրից։
– Համակարգչային հանցավորության դեմ պայքարը կազմակերպելու հետ կապված խնդիրները վաղուց արդեն դուրս են եկել ազգային, ներպետական կարգավորման շրջանակներից` դառնալով միջազգային հանրության մտահոգության առարկա: Համակարգչային հանցագործությունների դեմ պայքարով զբաղվում են ոչ միայն առանձին պետությունների իրավապահ կամ այլ իրավասու մարմիններ, այլև միջազգային տարբեր կազմակերպություններ, որոնց գործունեությունը հիմնված է միջազգային իրավական ակտերի վրա: Բացի այդ, խնդիրն իր բարդությամբ և լրջությամբ այնքան է արդիականացել, որ, ըստ էության, առանց տարբեր պետությունների միջև միջազգային իրավական համագործակցության, գործնականում անհնար է դարձել համակարգչային հանցավորության դեմ պայքարի ոլորտում հասնել նշանակալի արդյունքների:
Ինչպես ընդունված է ասել՝ կիբեռհանցավորությունը սահմաններ չունի։ Համացանցում վայրկյանների ընթացքում կատարված գործողության վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ ստանալու համար քննիչները երբեմն պետք է հարցումներ կատարեն մի քանի պետությունների իրավասու մարմինների։ Օրինակ, տուժողը կարող է գտնվել մի երկրում, հանցավորը՝ մեկ այլ, ինտերնետային ծառայություն մատուցող ընկերությունը՝ երրորդ, իսկ պահվող տվյալները՝ չորրորդ երկրում։ Ինչ խոսք, տվյալների ծավալը, համակարգչային համակարգերի հսկայական քանակը, տարբեր քողարկիչ միջոցների կիրառումը, փողերի փոխանցման էլեկտրոնային եղանակները և տվյալ հանցատեսակին բնորոշ այլ առանձնահատկությունները որոշակի բարդություններ են ստեղծում քննության համար՝ քննիչներից պահանջելով տիրապետել ժամանակակից տեխնոլոգիաներին՝ գտնելու համար այն ճանապարհը, որը հնարավորություն կտա հասնել ճշգրիտ ապացույցների ստացմանն ու հանցագործությունների բացահայտմանը։
Եթե անդրադառնամ Ձեր հարցին, ապա Հայաստանի Հանրապետությունում արձանագրված հանցագործությունները կատարվել են ինչպես մեր երկրից դուրս, այնպես էլ՝ երկրի ներսում։ Երկրից դուրս առավել հաճախ կատարվում են հաքերային հարձակումներ, ինչպես նաև համակարգչային համակարգերն արգելափակող վիրուսներով դրամաշորթող հանցագործություններ։ Իսկ երկրի ներսում կատարվող կիբեռհանցագործությունները հիմնականում կատարվում են ֆինանսական ոլորտում կամ էլ անձնական տարբեր շարժառիթներով։
– Ինչպե՞ս կգնահատեք քաղաքացիների իրազեկվածության աստիճանը։ Արդյո՞ք կիբեռհանցագործությունների դեպքերը ավելի նվազ կլինեին, եթե քաղաքացիները իրազեկ լինեին։
– Նախ նշեմ, որ կիբեռհանցագործություններն օժտված են կրիտիկական ահռելի լատենտայնությամբ։ Այսպես, «Կիբեռհանցագործությունների մասին» Բուդապեշտի Կոնվենցիայի Կոմիտեի նախագահի գնահատմամբ՝ իրավապահ մարմինների կողմից արձանագրվում է համակարգչային հանցագործությունների միայն 0.1-1%, իսկ բացահայտվում է արձանագրված դեպքերի 1-ից 10%: Դա նշանակում է, որ պայմանական 10.000 հանցագործության դեպքերից իրավապահ մարմիններին հայտնի է դառնում միայն 100-ից 10 դեպք, որոնցից բացահայտվում է միայն 10-ից 1-ը: Ներկայացված միջազգային այս վիճակագրությունը վկայում է այն մասին, որ համակարգչային հանցագործությունների իրական թիվը էականորեն գերազանցում է արձանագրված բոլոր այլ հանցագործությունների թիվը միասին վերցված: Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին հարուցվել է կիբեռհանցագործությունների դեպքերի վերաբերյալ շուրջ 400 քրեական գործ, ինչը կազմում է պետությունում հարուցված քրեական գործերի միայն 1%-ը։ Ներկայացված վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կիբեռհանցագործությունների իրական թիվը կարող է հասնել տարեկան շուրջ 40,000-ի։ Հանցագործությունների ստվերում գտնվելը, դրանց մասին իրավապահ մարմիններին հայտնի չլինելը, ինչ խոսք նպաստում է համակարգչային հանցավորության բարենպաստ պայմանների ու միջավայրի ստեղծմանը, ինչն իր հերթին միջազգային մակարդակում բերում է միլիարդավոր դոլարների ստվերային հանցավոր եկամուտների առաջացմանը։ Այդ հանգամանքը ստեղծում է լրացուցիչ գրավչություն հանցավոր հակում ունեցող անձանց մոտ, ինչպես նաև կազմակերպված հանցավոր խմբերի մոտ։
Պետք է արձանագրել նաև, որ համակարգչային հանցագործությունների լատենտայնությունը նվազում է այն պետություններում ու հասարակություններում, որտեղ իրավապահ համակարգն ի զորու է արդյունավետ հակազդել այդ հանցագործություններին: Եվ հակառակը, հանցագործները թիրախավորում են այն պետություններն ու հասարակությանը, որտեղ այդ համակարգը արդյունավետ չի գործում:
Կարևոր նշանակություն ունի նաև հասարակության մեդիագրագիտությունն ու կիբեռհիգիենայի պահպանումը, ինչպես նաև իրավապահ մարմինների նկատմամբ վստահությունը։ Այն պետություններում, որտեղ բարձր է մեդիագրագիտության մակարդակը և կա վստահություն իրավապահ մարմինների նկատմամբ, այնտեղ մարդիկ ավելի զգոն լինելով կիբեռվտանգների հանդեպ՝ դեպքերի կատարման պարագայում չեն երկմտում և անմիջապես դիմում են իրավապահ մարմիններին, տրամադրում են հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ տվյալներ։ Արդյունքում կրճատվում է թե՛ դեպքերի լատենտայնությունը, և թե՛ ավելի բարձր են հանցագործությունների բացահայտման ցուցանիշները։
Անդրադառնալով մեր պետությանը, հետևելով իմ կողմից ներկայացրած վիճակագրությանը՝ կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին արձանագրվել է դեպքերի եռակի աճ, իմ կարծիքով դա վկայում է ոչ թե այն մասին, որ այդ վերջին տարիների ընթացքում կատարվել է երեք անգամ ավելի շատ հանցագործություն, այլ նշանակում է, որ աստիճանաբար բարձրանում է հասարակության մեդիագրագիտությունը և մեծանում է վստահությունն իրավապահ համակարգի նկատմամբ, ինչի արդյունքում հանցագործություններից տուժած անձինք ավելի հաճախ են դիմում իրավապահ մարմիններին։ Այս առումով գործերի քննության արդյունավետությունն ուղղակի պատճառական կապի մեջ է գտնվում քաղաքացիների վստահության հետ։ Այսինքն, հանցագործությունների բացահայտման աճը հանգեցնում է նրան, որ քաղաքացիները ավելի հաճախ են դիմում իրավապահ մարմիններին։
Չնայած արձանագրված դեպքերի աճին և քննիչների ծայրահեղ ծանրաբեռնվածությանը, վերջին 2 տարիներին ունենք կիբեռհանցագործությունների բացահայտման շեշտակի աճ։ Կարող եմ ասել նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կատարված ֆինանսական կիբեռհանցագործությունների բացահայտումը կազմում է շուրջ 80%, ինչը, միջազգային բացահայտումների 1-ից 10%-ի համեմատ՝ էապես բարձր ցուցանիշ է։ Ու եթե նախորդ տարիներին տարեկան 1-ից 10 հանցագործությունների բացահայտումը համարվում էր դրական ցուցանիշ, ապա ներկայումս պատկերը դրական շարժընթացի առումով համեմատելի չէ։
Այսպես, 2021 թվականին Վարչության կողմից բացահայտվել է 668 կիբեռհանցագործության դեպք, որոնցով 21 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են դատարան։ Ուշագրավն այն է, որ հանցագործությունների դեպքերի զգալի մասով, հանցագործություններից տուժած անձինք տարբեր պատճառներով չէին դիմել իրավապահ մարմիններին։ Վստահ եմ, որ հանցագործությունների դեպքերն ու բացահայտումները շարունակելու են աճել։ Եվ որպեսզի այս ուղղությամբ ունենանք շարունակական առաջընթաց, ընդհանուր իրավիճակի կայուն բարելավում, պետք է ավելի հաճախ խոսել կիբեռվտանգների մասին, հասարակության տարբեր խմբերում իրականացնել մեդիագրագիտության իրազեկման արշավներ։ ԶԼՄ-ներն էլ այս առումով ունեն կարևոր առաքելություն։
Ավելացնեմ նաև, որ ոլորտը Կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում է, ում կողմից ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ քննիչների աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու համար։ Մասնավորապես, լավ ցուցանիշներ ապահովող քննիչների աշխատանքն արժանանում է համարժեք գնահատանքի, վերջիններս խրախուսվում են։ Ստորաբաժանումում գործող համակարգչատեխնիկական լաբորատորիան համալրվում է անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և ծրագրային ապահովումներով։
-Հիմնական ի՞նչ ընդհանրություններ և ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունները:
– Եթե այս հարցը դիտարկենք լայն իմաստով, ապա ժամանակակից աշխարհում գրեթե բոլոր հանցագործությունների կատարման ընթացքում տեսականորեն կարող են կիրառված լինել ժամանակակից բարձր տեխնոլոգիաներ։ Եվ հետևաբար, այդ հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ կլինի կիրառել կիբեռհանցագործությունների քննության ընթացքում օգտագործվող քննչական և դատավարական գործողությունների հատուկ գործիքակազմ և մասնագիտական հմտություններ։ Դրա վառ օրինակն են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործերը, որոնք ներկայիս ժամանակահատվածում շուրջ 90% կատարվում են համակարգչային եղանակով։ Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում գործող մեկ այլ մասնագիտացված ստորաբաժանման կողմից վերջերս մեծ հաջողություններ են գրանցել այդ բնույթի գործերի քննության ընթացքում, և այդ գործերի բացահայտման մեջ ստացված էլեկտրոնային ապացույցների դերը եղել է նշանակալի։
Եթե անդրադառնամ ընդհանրություններին ու առանձնահատկություններին, ապա առաջին հերթին կիբեռհանցագործությունը ես կբնութագրեի որպես ինտելեկտուալ հանցագործություն։ Մենք մշտապես գործ ունենք վիրտուալ աշխարհի, ինտերնետի, տարբեր ցանցերի հնարավորություններն օգտագործող և դրանցում թաքնված, խելացի, ճկուն, հոգեբանական հնարքների տիրապետող, տեխնիկապես պատրաստված, տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներ ունեցող, երբեմն հատուկ քողարկիչ հնարքների տիրապետող չարագործի հետ։ Ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ հանցավորն իր գործողությունները չի իրականացնում տուժողին դեմ առ դեմ, նա անտեսանելի է, նրան որևէ մեկը ֆիզիկապես չի կարող նկարագրել և ճանաչել։ Նրա գործողությունների հետագիծը, հանցագործության ձեռագիրը հնարավոր է տեսնել միայն վիրտուալ տիրույթում, հետևաբար նրան ի հայտ բերելու համար առաջին հերթին պետք է ստանալ էլեկտրոնային ապացույցներ։ Մի կողմից հանցագործությունների բացահայտման շանսերն ի սկզբանե թվում են բավականին ցածր, քանի որ պետք է գտնենք աշխարհում միլիարդավոր համակարգչային սարքավորումներ օգտագործողներից, ինտերնետից օգտվողներից հենց մեկին, սակայն այդ գործերով զբաղվող յուրաքանչյուր քննիչ այդ աշխատանքը համարում է առաքելություն, մարտահրավեր, աշխատանքով ու մասնագիտացմամբ անում առավել հնարավորը, որպեսզի սկզբում իմ կողմից նշված բացահայտման միջազգային 1-10%-ը, գոնե Հայաստանի մասով, լինի շատ ավելի բարձր։
-Վերջին շրջանում առավել շատ է խոսվում բանկային ոլորտում կատարված հանցագործությունների մասին, երբ առանց անձի տեղյակ լինելու՝ խաբեության միջոցով վարկեր են ձևակերպվում։ Այս առումով ի՞նչ պատկեր ունենք, արդյոք կա՞ վիճակագրություն, թե նման քանի դեպք է գրանցվել 2021, 2022 թվականներին։
– Իրոք, վերջին շրջանում մենք հաճախ ենք բախվում բանկային, ֆինանսավարկային ոլորտում կատարվող ֆինանսական կիբեռհանցագործություններին։ Չներկայացնելով կոնկրետ թվային տվյալներ՝ պետք է ասեմ, որ 2021-2022թթ․ ընթացքում մեր վարույթում քննվող քրեական գործերի մեծամասնությունը վերաբերում է հենց այդ բնույթի հանցագործություններին։ Նշեմ նաև, որ այդ հանցագործությունները գրեթե ամբողջությամբ բացահայտվում են։ Կարճ ժամանակահատվածում հասարակությունը կիրազեկվի մի քանի բազմադրվագ հանցագործությունների բացահայտման վերաբերյալ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ գործերով ներկայումս նախաքննությունն ինտենսիվ կերպով շարունակվում է, այժմ զերծ կմնամ որևէ դետալներ բարձրաձայնելուց։
Ձեր հարցի կոնտեքստում, մեկ այլ հանգամանքի վրա կուզեի անել շեշտադրում։ Այսօր խոսել ենք իրազեկվածությունից, կարծում եմ, լայն շրջանակներում այս դեպքերի մասին բարձրաձայնելն ու խոսելը, դրանց մասին հայտնի լինելը պետք է նպաստեն քաղաքացիների զգոնության ու իրազեկվածության բարձրացմանը։ Հասկանու՞մ եք, մենք կարող ենք հաջողություններ գրանցել հանցագործությունների բացահայտման գործում, սակայն հանցագործությունների դեպքերը կարող են նվազել միայն այն դեպքում, եթե քաղաքացիները լինեն ավելի ուշադիր։ Վիրտուալ հանցագործներն իրենց կարողություններն ու ուժերը կենտրոնացնում են ճիշտ այն հատվածներում, որտեղ հնարավորություն են տեսնում հաջողություններ գրանցելու։ Մենք՝ քաղաքացիներս, լինելով ավելի գրագետ, չպետք է հնարավորություն տանք հանցագործներին դարձնել մեզ տուժողներ։ Դա պետք է լինի յուրաքանչյուրի պայքարը, այլ ոչ թե միայն իրավապահ համակարգի։ Մենք բոլորս, յուրաքանչյուրս մեր մասով, մեր հնարավորություններով, մեր տիրույթում, պետք է պայքարենք այս երևույթի դեմ։ Ինչպես սկզբում նշեցի, կիբեռհանցագործությունների դեմ պայքարն, առանձին վերցված, պետության ուժերով հնարավոր չէ իրականացնել, պետության ներսում նույնպես միայն իրավապահ մարմինների ուժերով չէ, որ պետք է պայքարենք կիբեռհանցավորության դեմ։ Այս առումով կարևոր դեր ունի նաև հանրային ոլորտը, օրինակ բանկերն ու վարկային կազմակերպությունները պետք է մտածեն իրենց համակարգերի ամրապնդման և առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ։
-Հնարավո՞ր է խնդրին լուծում տալու համար օրենսդրական որևէ փոփոխություններ նախաձեռնվեն։
-Այս դինամիկ զարգացող ոլորտում միշտ էլ անհրաժեշտ է պետության ձեռքը պահել զարկերակի վրա, անհրաժեշտության դեպքում իրականացնել փոփոխություններ, այդ թվում՝ նաև օրենսդրական։ Գիտեք՝ հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը։ Կաշխատենք, կարձանագրենք հնարավոր խնդիրները և մեր տարբեր գերատեսչությունների գործընկերների հետ կնախաձեռնենք փոփոխություններ՝ ըստ անհրաժեշտության։ Պետք է ասեմ, որ ոլորտում ձևավորված են անհրաժեշտ հարթակներ, որոնք հնարավորություն են տալու մեր գործընկերների հետ համատեղ վեր հանել խնդիրները և համատեղ ջանքերով փորձել դրանց արագ լուծումներ տալ։ Ոլորտում բարձր է նաև Դատախազության, Քննչական կոմիտեի ու Ոստիկանության միջև գործընկերային համագործակցության մակարդակը, ինչպես նաև դրական է միջազգային գործընկերների աջակցությունը՝ վերապատրաստումների, փորձի փոխանակման, տեխնիկական հագեցվածության ապահովման հարցերում։ Այս ուղղություններով՝ տարբեր միջազգային, տարածաշրջանային և ներպետական ծրագրերի շրջանակներում Քննչական կոմիտեի և Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական Միության, ԵԱՀԿ, ԱՄՆ դեսպանատան միջև իրականացվում է սերտ և արդյունավետ համագործակցություն։
Եթե առանձնացնեմ կոնկրետ ուղղություն, ապա կարևորում եմ կրիպտոարժույթի շրջանառության ոլորտում համապատասխան իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը։
-Վիճակագրական նյութերի վերլուծության արդյունքում ո՞ր հանցատեսակներն են ցուցաբերում առավել զարգացման միտումներ:
-Եթե վերլուծենք հանցավորության ներկայիս թրենդները, ապա 2021թ. հանդիպել են թե՛ ավանդական ձեռագրերով և եղանակներով կատարվող հանցագործություններ ATM Jackpotting, Carding, Scimming, Phishing, Ransomwere, DDoS attack, Bussines Email Compromise, Nigerian Letters-Dating/Romantic Cases և այլն, և թե՛ նախկինում չարձանագրված հանցագործության կատարման մեխանիզմներ, որոնք բնորոշ են տվյալ ժամանակահատվածում հանցավորների կողմից հայտնաբերված հնարավորություններին և նրանց հնարամտությանը (մասնավորապես, բանկային և էլեկտրոնային վճարային համակարգերի տեխնիկական ու ծրագրային առանձնահատկությունների ու բացերի օգտագործմամբ նույն գումարի կրկնակի կանխիկացումների, ինչպես նաև անձի էլեկտրոնային նույնականացման համակարգի շրջանցման արդյունքում այլ անձանց անվամբ առցանց վարկեր ձևակերպելու դեպքեր): Վերջին շրջանում հանցագործությունների կատարման արդյունքում ստացված հանցավոր եկամուտները, հաճախ, փողերի լվացման տարբեր սխեմաների կիրառմամբ փոխակերպվում են կրիպտոարժույթների, ինչպես նաև՝ հենց կրիպտոարժույթների տիրապետող անձինք հայտնվում են հանցավորների թիրախում։
Վարչությունում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին շրջանում հանդիպում են ֆինանսական կիբեռհանցագործությունների կատարման երեք հիմնական եղանակներ. առաջինը՝ տուժողներին տարբեր, նախապես մշակված հնարքներով մոլորեցնելու, վստահությունը չարաշահելու եղանակով վերջիններից անձնագրային տվյալներ ստանալու և նրանց անվամբ առցանց վարկեր ձևակերպելու և հափշտակելու, ինչպես նաև բանկային պլաստիկ քարտերի տվյալները ստանալուց հետո քարտերից հափշտակություններ կատարելու եղանակն է, երկրորդը՝ տարբեր համակարգչային համակարգերի խոցելի հատվածների, այդ թվում նաև հնարավոր ինսայդերական տեղեկատվության օգտագործմամբ ֆինանսական կազմակերպություններից հափշտակություններ կատարելու ուղղությունն է, իսկ երրորդը՝ ավանդական հաքերային հարձակումների իրականացման միջոցով գումարների հափշտակությունները։ Վերջին շրջանում հաճախ են դեպքերը, երբ հանցավորները, տեղյակ լինելով տարբեր բանկերի գործարքների պրոցեսինգային առանձնահատկություններից, վայրկյանների ընթացքում կատարելով գումարի ստացման երկու տարբեր գործարքներ, հնարավորություն են ստացել կատարել կրկնակի կանխիկացումներ: Կան նաև դեպքեր, երբ հանցավորները, շրջանցելով բանկերի առցանց վարկերի տրամադրման ծրագրային ապահովումների կարգավորումները, պատրաստելով անձը հաստատող կեղծ փաստաթղթեր, տարբեր անձանց անվամբ ստացել և հափշտակել են վարկային միջոցներ:
Քրեական գործերով արձանագրվող հանցագործությունների դինամիկան նաև հնարավորություն է տալիս ի հայտ բերել հանցագործների կողմից թիրախավորված ֆինանսական ոլորտի ընկերությունները, ինչի շնորհիվ միջոցներ ձեռնարկել՝ վերացնելու խոցելի համակարգերում առկա ծրագրային խնդիրները:
Պետք է նաև արձանագրել, որ հմուտ հանցագործները շատ հաճախ օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ համացանցում անանուն մնալու միջոցներ, որոնց առկայության պայմաններում հանցագործությունների բացահայտման համար էլեկտրոնային ապացույցների ստացումը խնդիրներ է առաջացնում: Շարունակում է արդիական խնդիր մնալ այլ պետությունների իրավասու մարմիններին ուղարկվող իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարման օպերատիվության հարցը, որի պայմաններում, այն դեպքերում, երբ առնչվում ենք տվյալ խնդրին դժվար է ողջամիտ ժամկետում ստանալ գործի բացահայտման համար կարևոր տեղեկատվություն: Շատ դեպքերում դժվար է լինում ողջամիտ ժամկետում ստանալ գործի բացահայտման համար կարևոր տեղեկատվություն: Սակայն անգամ դրա ստացման պայմաններում ՀՀ ինտերնետային կապի օպերատորների տեխնիկական հնարավորությունները հաճախ թույլ չեն տալիս ստանալ ինտերնետային հասանելիություն ստացած բաժանորդների տվյալները՝ հաշվի առնելով միևնույն պահին նույն IP-ին հարյուրավոր բաժանորդների տրամադրելու (NAT-IP) հանգամանքը:
-Տեխնիկական ինչպիսի՞ վերազինումներ են ընթանում Քննչական կոմիտեում, որպեսզի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների ասպարեզում ապահովվի որակյալ քննություն:
-Քննչական կոմիտեն ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտի անհրաժեշտ գերժամանակակից տեխնիկական հագեցվածություն։ 2019 թվականից Կոմիտեում գործող համակարգչատեխնիկական լաբորատորիան տեխնիկական հագեցվածության աստիճանով և մասնագիտական կարողություններով կարող է համարվել տարածաշրջանի լավագույններից մեկը։ Մեր կողմից օգտագործվող ծրագրային ապահովումներն ու սարքավորումները չեն զիջում ոլորտի առաջատար պետությունների լաբորատորիաներում կիրառվողներին։ Պետք է նշեմ, որ լաբորատորիան կիրառվում է նաև Կոմիտեի այլ ստորաբաժանումների քննիչների կողմից ներկայացրած համակարգչային համակարգերից էլեկտրոնային ապացույցների ստացման գործընթացում։ Լաբորատորիայի արդյունավետ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են բազմաթիվ քրեական գործեր, այդ թվում՝ կարևոր էլեկտրոնային ապացույցներ են ստացվել հասարակական հնչեղություն ունեցող մի քանի հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործերով։
-Պարոն Ադիլխանյան, լինելով այս՝ պայմանական ասված «նորարար» հանցագործությունները քննող վարչության ղեկավար՝ Դուք աշխատանքում նորարարությունների կողմնակի՞ց եք:
-Կարծում եմ, որ «Նորարար» տերմինը փոքր-ինչ կիրառելի չէ քրեական արդարադատության տիրույթում, քանի որ քննիչը, հանդիսանալով նախաքննություն իրականացնող պաշտոնատար անձ, օժտված է այն լիազորություններով, որոնք նախատեսված են քրեական դատավարության օրենսգրքով։ Դատավարական գործիքակազմի առումով կիբեռհանցագործություններով մասնագիտացված քննիչը չի տարբերվում այլ քննիչներից։ Սակայն տակտիկական, քննության մեթոդիկայի և ոլորտի այլ առանձնահատկություններով պայմանավորված՝ կիբեռհանցագործությունների գործերով քննիչը պետք է լինի «նորարար», ստեղծագործ, ոչ ստանդարտ մտածելակերպով։ Մեր վարույթում քննվող համարյա բոլոր հանցագործությունների դեպքերը միմյանց նման չեն։ Անընդհատ ականատես ենք դառնում նոր հանցավոր երևույթների, նոր դրսևորումների։ Հանցագործը, կատարելով իր գործողությունը, ընտրելով հանցանքի կատարման այս կամ այն նոր, «նորարար» եղանակ, այդ պահին մեզանից մի քայլով առաջ է հայտնվում և ստիպում է մեզ նույնպես լինել «նորարար», այլապես մենք չենք կարող ունենալ հաջողություն։ Մեր նպատակն է արագ դրան արձագանքել, գտնել այն հնարավորությունները, որոնք թույլ կտան ճշգրիտ գործողություններով ու քայլերով գնալ հանցանք կատարած անձի հետևից՝ ստանալու համար անհրաժեշտ ապացույցներ։ Դա պահանջում է «թարմ հայացք», ոչ ստանդարտ, ճկուն մտածելակերպ, տեղեկացվածություն ժամանակակից տեխնոլոգիաների մասին, միջազգային առաջատար փորձի ուսումնասիրություն, համացանցային բաց աղբյուրների և Մեծ Տվյալների (Big Data) հետ աշխատելու ունակություն։
Մոտակա 1-2 տարիների ընթացքում նախատեսում ենք ստեղծել և գործարկել ՀՀ-ում նախադեպը չունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քրեագիտական շտեմարան, որն իմ կարծիքով կունենա բովանդակային և գաղափարական նշանակություն հանցագործությունների բացահայտման գործում։
-Եթե կարելի է՝ փոքր-ինչ շեղվենք պաշտոնական հարցադրումներից. մասնագիտությամբ իրավաբան Ռոբերտ Ադիլխանյանն ինչպե՞ս է գնահատում տեղեկատվական տեխնոլոգիաների դերը մեր կյանքում և ի՞նչ դեր են դրանք զբաղեցնում Ձեր առօրյայում:
-Հարցին պատասխանեմ հռետորական հարցով։ Ի՞նչ կկատարվի մեր հասարակությունում, մեր առօրյա կյանքում, եթե, օրինակ, մեկ շաբաթով անջատվի ինտերնետը։ Մեզանից որևէ մեկը պատկերացնու՞մ է իր կյանքն առանց ինտերնետի ու բարձր տեխնոլոգիաների։
Իմ սերունդը մանկությունն անց է կացրել առանց ինտերնետի, իջնում էինք բակ ու տարբեր բակային խաղեր խաղում հասակակիցների հետ։ Հիմա ծնողները նույնը պահանջում են իրենց երեխաներից, սակայն վերջիններս հաճախ գերադասում են խաղալ համակարգչային խաղեր։ Լավ է դա, թե՞ վատ։ Կարծում եմ պետք է գտնել ոսկյա միջինը։ Հնարավոր չէ երեխային ամբողջությամբ զրկել տեխնոլոգիաներից։ Դա է մեր կյանքն ու իրողությունները։ Կամ հիշում եմ ուսանողական տարիներիս ինչ-որ նյութ գտնելու ու կարդալու համար օրեր շարունակ անց էի կացնում տարբեր գրադարաններում, դուրսգրումներ անում, համադրում նյութերը։ Հիմա կյանքն արագ է ընթանում, եթե իմանանք մեզ ինչ է հարկավոր, հնարավոր է րոպեների ընթացքում համացանցից գտնել ու օգտագործել դա։ Այն անհատը, ով ժամանակակից իրողություններում կարողանում է ճիշտ օգտագործել տեխնոլոգիական ոլորտում իր հմտությունները, համարվում է ավելի մրցունակ աշխատաշուկայում։
Գուցե, եթե չլինի ինտերնետ, ապա մենք, անմիջականորեն շփվելով մեզ շրջապատող մարդկանց հետ, ավելի ուշադիր ու հոգատար կլինենք, կունենանք այլ հույզեր ու զգացողություններ, կյանքը կլցվի այլ գունեղ երանգներով։ Սակայն ժամանակակից կյանքի կանոններն ու իրողությունն այն է, որ յուրաքանչյուրս օրվա ընթացքում մի քանի ժամ անց ենք կացնում ինտերնետում, վիրտուալ տիրույթում։
-Պարոն Ադիլխանյան, երիտասարդ քննիչները ձգտու՞մ են աշխատել Ձեր կողմից ղեկավարվող ոլորտում, նրանց համար գրավի՞չ է արդյոք այդ հատվածում քննչական գործողություններ իրականացնելը:
– Պետք է ասեմ, որ գոնե քննչական համակարգում ես այս ոլորտի ամենահնաբնակն եմ, 10 տարի առաջ առաջին կիբեռհանցագործության վերաբերյալ քրեական գործ քննող քննիչն եմ հանդիսացել։ Այն ժամանակ ամեն ինչ սկսվում էր 0 կետից կամ ինչպես ասում են՝ «կանաչ դաշտ» էր։ Չկար քննության մեթոդիկա, սովորում էինք մեր սխալների վրա։ Բոլորի ընկալմամբ՝ համակարգչային հանցագործությունները համարվում էին անհասկանալի, անհեռանկար ու քննչական աշխատանքում պերիֆերիկ ուղղություն։ Առաջին տարիներին այդ գործերը համարվում էին բացահայտման հեռանկար չունեցող։ Հետո հաջողություն էր համարվում տարեկան գեթ մեկ հանցագործություն բացահայտելն ու դատարան ուղարկելը։ Աստիճանաբար, քայլ առ քայլ, քննչական մարմնում գտնվեցին ոլորտի նվիրյալ քննիչներ, նրանք սկսեցին մասնագիտանալ այդ ոլորտի գործերի քննությամբ, միավորվեցին թիմային աշխատանքում։ Մեր ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ։ Մեր ձայնը լսելի դարձավ։
2019 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց մասնագիտացված ստորաբաժանում։ Այդ բնույթի գործերը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով կենտրոնացվեցին մասնագիտացված ստորաբաժանումում։ Ձևավորվեց պրոֆեսիոնալ քննիչների թիմ, որոնք լինելով մեկ միավոր, յուրաքանչյուրն ունի հատուկ մասնագիտացման ուղղություն։
Առկա մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, քրեագիտական աշխատանքի կազմակերպման նպատակով Վարչությունում, հնարավորության սահմաններում, իրականացվում է քննիչների մասնագիտացում՝ ըստ առանձին հանցատեսակների: Մասնավորապես, առանձին քննիչներ մասնագիտացվում են բանկային և էլեկտրոնային վճարային համակարգերի տեխնիկական առանձնահատկություններով պայմանավորված հափշտակությունների, համացանցում քաղաքացիներից խաբեությամբ գումարների հափշտակության, այլ անձանց անվամբ բանկային պլաստիկ քարտերի օգտագործմամբ հափշտակությունների, կրիպտոարժույթների ոլորտում կատարվող հանցագործությունների, համակարգչային հարձակումների և համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գործերով: Մասնագիտացված քննիչներն էլ իրենց հերթին հնարավորություն են ստանում ծանոթանալ իրենց մասնագիտական ոլորտի միջազգային առաջատար փորձին, մասնակցում են միջազգային տարբեր ծրագրերով վերապատրաստման դասընթացներին և սեմինարներին: Ձեռք բերված հմտությունները քննիչները ոչ միայն հաջողությամբ կիրառում են առօրյա աշխատանքում, այլ նաև փոխանցում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների տարբեր քննիչների։ Այս ուղղությամբ միջազգային համագործակցության վառ օրինակներից է վարչության պետի տեղակալներից մեկի երկու տարի տևողությամբ, Եվրոպայի Խորհրդի CyberEast ծրագրի շրջանակներում կազմակերպված, ոլորտում մեծ ճանաչում ունեցող Դուբլինի Համալսարանական Քոլեջում (UCD) մագիստրոսական ուսուցում անցնելու հանգամանքը։
Աշխատանքի ընթացքում ձևավորվել է կարգախոս՝ «Չբացահայտվող հանցագործություն չկա»։ Որևէ հանցագործության չբացահայտվելը մեզ համար մտորելու, նեղ մասնագիտական քննարկման առիթ է հանդիսանում, փորձում ենք գտնել նոր հնարավորություններ՝ հանցագործությունները բացահայտելու նպատակով անհրաժեշտ էլեկտրոնային ապացույցներ ստանալու համար։
Ինչ վերաբերում է երիտասարդ քննիչներին, ապա ես հաճույքով եմ աշխատում երիտասարդ սերնդի քննիչների հետ։ Վերջին շրջանում նրանց կողմից նույնպես կա մեծ ցանկություն ու հետաքրքրվածություն՝ դառնալու կիբեռհանցագործությունների քննությամբ մասնագիտացված քննիչներ և համալրելու մեր շարքերը։
-Լինելով կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետը՝ ի՞նչ հորդորով կդիմեիք մեր ազգաբնակչությանը նմանօրինակ հանցագործությունների զոհ չդառնալու համար:
-Ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ՝ չդառնալու կիբեռհանցագործության զոհ։ Կիբեռտիրույթում ինքնապաշտպանության համար օգտագործվող գործիքակազմը պայմանավորված է հանցավորի կողմից կիրառվող գործիքներից, տեխնիկական հնարավորություններից, դրանց ինտենսիվությունից, բովանդակությունից, վերջնական նպատակներից և այլն։ Որպես կանոն, տուժողներին պատկանող համացանցային տեղեկատվությանը տիրանալու համար հանցագործների կողմից կիրառվում են ֆիշինգային տարբեր գործիքներ, որոնք ունեն մոտավորապես 10% արդյունավետություն։ Դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հնարավորության դեպքում ակտիվացնել համապատասխան անհատական հաշիվների երկֆակտորային աուտենտիֆիկացիայի կարգավորումները, չօգտագործել պարզունակ գաղտնաբառեր, երրորդ կամ անծանոթ մարդկանց չտրամադրել այնպիսի տվյալներ, որոնք կարող են հնարավորություն տալ մուտք գործել անհատական հաշիվներ, հնարավորինս չօգտվել բաց wi-fi ցանցերից, անծանոթ կամ պատահական համակարգչային համակարգերից մուտք չիրականացնել անհատական հաշիվներ, զերծ մնալ անծանոթ կամ վստահություն չներշնչող կայքերում անձնական տվյալներ մուտքագրելուց և այլն։ Անհրաժեշտ է օգտագործել լիցենզավորված ծրագրային ապահովումները և ունենալ թարմացվող հակավիրուսային համակարգ։
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: