Հուլիսի 13-ին «Նոր Մոսկվայում»` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս էր եկել երկրորդական ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել:
«Կամազ»-ի վարորդը եղել է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդկանց մահ: Ռուսական քրեական օրենսգրքի այս հոդվածը սահմանում է մինչև յոթ տարի ազատազրկում, ինչպես նաև մինչև երեք տարի ժամկետով զրկում վարորդական իրավունքից: Մեղադրյալը չի ունեցել նաև ռուսական վարորդական իրավունք: Մեքենան վարել է ՀՀ-ի կողմից տրամադրված համապատասխան միջազգային վարորդական իրավունքով:
Ռուսական լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութերից պարզ է դարձել, որ ամբաստանյալին դատարան են տարել չսափրված և կանացի խալաթը հագին: Հարությունյանը գտնվել է շոկային վիճակում է և չի կարողացել պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, իսկ եթե անգամ պատասխանել է, ապա շատ կցկտուր և գլխիկոր:
Նշենք, որ նրան հիվանդանոցից դատարան են տարել խափանման միջոց ընտրելու համար: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«ՀՀ Սահմանադրությունը, ՌԴ Սահմանադրությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և մի շարք այլ միջազգային փաստաթղթեր երաշախավորում են և կարևորում, որ անձի արժանապատվության իրավունքը չպետք է սահմանափակվի»,- այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻՊ-ի աշխատակազմի իրավականվերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքերով` պետությունը պարտավոր է երաշխավորել և ապահովել բոլոր այն մեխանիզմները, որոնք ոչ մի կերպ չեն սահմանափակի անձի արժանապտվությունը. «Այս պարագայում տղամարդուն դատարան ներկայացնելը կանացի խալաթով, հիմք է հանդիսանում որակելու որպես անձի արժանապտվությունը նվաստացնող հանգամանք»:
Արամ Վարդևանյանը փաստեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով առկա են այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է պահանջել, որ ՀՀ պատասխանատվություն կրի Հրաչյա Հարությունյանի արդար, բազմակողմանի և օբյեկտիվ դատաքննության և նաև դատավճռի իրականացման համար:
Ա. Վարդևանյանը զրույցի վերջում հավելեց, որ մեզանից ոչ ոք չի կարող դեռևս կանխատեսել, թե ինչպիսի դատավճիռ է կայացվելու, քանի որ գործի փաստական հիմքերը տարաբնույթ են:
Ըստ ՌԴ Սահմանդրության 21-րդ հոդվածի` պատվի և արժանապատվության իրավունքը յուրաքանչյուր քաղաքացուհիմնական իրավունքներից է, որը ոչ մի կերպ չի կարող սահմանափակվել: Արդյո՞ք այս պարագայում չի խախտվել հիշյալ հոդվածը:
Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դատապարտյալների հանձման մի շարք համաձայնագեր կան կնքված, բայց այս պարագայում, Հրաչյա Հարությունյանը դեռևս դատապարտյալ չէ, հետևաբար գործը պետք է քննվի Ռուսաստանում:
Հ.Գ. Ռուսական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերը կարծես թե խղճահարություն են առաջացնում հայ մեղադրյալի հանդեպ, բայց արդյո՞ք մեղադրյալին նման տեսքով դատարան ներկայացնելը հենց նրա նկատմամբ իրականացվող արդարադատության հանդեպ չպետք է խղճահարություն առաջացնի:
Տեսանյութը` lifenews.ru–ի
Արև Ավագյան
Իրավաբան.net