Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին:
«Հարգելի Լևոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերն ասում էիր նաև 1997 և 1998 թվականին: Ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է, Սերգո ջան լավ չես ապրի քանի դեռ Ղարաբաղը չենք հանձնել: Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ քո փոխարեն եկավ այլ իշխանություն մենք 20 տարի չզիջեցինք, իսկ Հայաստանն ու Արցախը զարգացան: Երբ 2018 թվականին իշխանության եկան քո գաղափարախոսության կրողներն ու հոգեզավակները, որոնք այդ գծի մեջ էին, որ պետք է տանք ու ուրիշ ճար չկա, մենք Արցախի 72 տոկոսը տվեցինք»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ ժամանակն է, որ իշխանությունը հեռանա, որպեսզի իրենք կարողանան փրկել:
Ավելի վաղ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր.
«Այն, որ փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի, ապացուցման կարիք չունի, ինչը աղետից հետո խոստովանում են անգամ այդ քաղաքականության երբեմնի կողմնակիցներից ոմանք:
Սակայն, դրանով հանդերձ, իրենց արդարացնելու համար շատերը փորձում են ապացուցել, որ նույն բանը տեղի էր ունենալու նաև փոխզիջումային ճանապարհն ընտրելու պարագայում: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնարդարացման խղճուկ փորձ և բացարձակապես անապացուցելի, քանի որ պատմությունը «եթե» չի սիրում: Պատմությունն արձանագրում է այն, ինչն արդեն իրականացած է: Ուստի, ինչպիսի ձեռնածություններով էլ Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման հակառակորդները (պետական այրեր, կուսակցապետեր, մտավորականներ) փորձեն արդարացնել իրենց ազգակործան քայլերը, միևնույնն է, նրանք վաղ, թե ուշ կանգնելու են պատմության դատաստանի առջև, ինչից ոչ ոք դեռևս չի խուսափել: Ահա նման ճակատագրի գիտակցումն է, որ նրանց այսօր էլ մղում է ամեն կերպ արդարացնելու իրենց աղետաբեր պահվածքը, ինչը, ցավոք, ավելի ու ավելի է խորացնում Հայաստանի ու Ղարաբաղի ներկայիս ճգնաժամը:
Մաս 2.
Խոսքը վերաբերում է ընթացիկ ներքաղաքական առճակատմանը, ինչն, իմ կարծիքով, ոչ թե ուժեղացնում, այլ ավելի է թուլացնում Հայաստանի դիրքերը առաջիկա դժվարագույն բանակցություններում: Ուստի անհասկանալի է, թե որն է այսօրվա ընդդիմության բուն նպատակը: Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Նիկոլ Փաշինյանին փակցվել է «կապիտուլյանտ» պիտակը, ինչը թեև դիպուկ է, բայց կես-ճշմարտություն: Իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը:
Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ: Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը:
Հարց է ծագում՝ արդյո՞ք ներկայիս ընդդիմության առաջնորդները չեն գիտակցում սա: Եթե չեն գիտակցում, ապա դա նշանակում է, որ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում: Իսկ եթե գիտակցում են, բայց շարունակում ներքաղաքական ցնցումները, ապա դրանից բխում է, որ նրանք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, որոնք բացարձակապես կապ չունեն ազգային շահերի հետ: Ազգային շահերի հետ ոչ մի կապ չունեն նաև ներկայիս իշխանությունների կոշտ գործողություններն ընդդիմության կազմակերպած ցույցերի, երթերի և հանրահավաքների նկատմամբ:
Անհույս լավատես լինելով՝ դեռևս ակնկալում եմ, որ հակամարտող կողմերը վերջիվերջո կհասկանան իրենց դիրքորոշումների վտանգավորությունը և ջանքեր կգործադրեն ինչ-որ փոխհամաձայնության գալու՝ իրավիճակն ավելի ևս չբարդացնելու և նոր վտանգներից խուսափելու նպատակով:
Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից: Ի դեպ, այսպիսի հորդորով ես հանդես եմ եկել դեռևս ներկայիս ճգնաժամից առաջ, ս.թ. հունվարի 15-ին»: