Լավրովը հայտնել է, թե ինչպես կարող է ավարտվել Ուկրաինայի հետ հակամարտությունը

Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի պայմանագրով, բայց դրա չափորոշիչները կորոշվեն ռազմական գործողությունների փուլով, որի ընթացքում այն կկնքեն: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինչպես ցանկացած իրավիճակում, երբ օգտագործվում են զինված ուժեր, իհարկե, ամեն ինչ կավարտվի պայմանագրով, բայց այս պայմանագրի չափորոշիչները կորոշվեն ռազմական գործողությունների այն փուլով, որի ժամանակ այդ պայմանագիրն իրականություն կդառնա»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը դրականորեն է ընդունել Ստամբուլի բանակցությունների ժամանակ ստացված պայմանագրի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկները, սակայն հետո ԱՄՆ-ն ազդել է Կիեւի վրա, որպեսզի նա փոխի իր դիրքորոշումը։

«Ստամբուլում առաջին անգամ նրանցից առաջարկներ ստացանք թղթի վրա՝ նրանց պատվիրակության ղեկավարի ստորագրությամբ, եւ պատրաստ էինք հիմք ընդունել այդ առաջարկները։ Դրանք պետք է վերանայվեին, որպեսզի կոնսենսուսային լինեին, բայց մեր կողմից դրական գնահատվեցին։ Այդ առաջարկները եղել են ոչ թե պայմանագրի, այլ ուրվագծերի, հիմնական դրույթների ու թեզերի տեսքով։

Մենք արագորեն այդ թեզերը տեղափոխեցինք պայմանագրային ժանր եւ նախագիծը հանձնեցինք մեր ուկրաինացի գործընկերներին։ Այդ ժամանակ նրանք մեզ ներկայացրին իրենց հակագաղափարները, որոնք արմատապես տարբերվում էին Ստամբուլում արվածից»,- հավելել է նախարարը։

Նրա խոսքով՝ սա Ուկրաինայի հետ բանակցություններում մեծ հետքայլ էր, որն արվել է ամերիկացի և բրիտանացի գործընկերների խորհրդով։

«Մեկ շաբաթ առաջ, հերթական տեսակոնֆերանսից հետո, մենք նրանց տվեցինք պայմանագրի եւս մեկ թարմացված տարբերակ, որն արդեն հաշվի էր առել նրանց հետագա մեկնաբանությունները, ինչպես սովորաբար լինում է, և հիմա մեկ շաբաթ է սպասում ենք: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է Զելենսկին վերաբերվում բանակցություններին, երբ պատեթիկ հայտարարում է, որ միշտ նախընտրում է խաղաղությունը»,- ասել է Լավրովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել