ՍԴ-ն Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման սահմանադրականության հարցի վերաբերյալ գործով որոշման կայացումը կրկին հետաձգել է

Սահմանադրական դատարանը ապրիլի 19-ին աշխատակարգային որոշում է հրապարակել «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասին և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը վերսկսելու և դատաքննությունը նշանակելու մասին։

Խոսքը ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելուն է վերաբերում։

ՍԴ աշխատակարգային որոշման մեջ ասվում է․

«1. Ելնելով «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը՝ սույն գործի վարույթը վերսկսել:

2. Սույն գործի դատաքննությունը նշանակել 2022 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ին»։

Iravaban.net-ի հետ զրույցում իրավաբան, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնեց, որ սա թվով արդեն երկրորդ անգամն է, ինչ հետաձգվում է Սահմանդրական դատարանի որոշման կայացումը և իր համար հիմքերը հասկանալի չեն, քանի որ դիմումը և խնդիրը՝ սահմանադրաիրավական վեճը, շատ ակնհայտ է։

«Եթե փորձեմ շատ կարճ ձևակերպել՝ կարծում եմ, որ Բարձրագույն դատական խորհրդում նույն կարգավիճակն ունեցող անձիք՝ այն է անդամները, ԲԴԽ անդամները, որոնցից 5-ը դատական համակարգից են գալիս, 5-ը՝ իրավաբան գիտնականների համայնքից՝ չեն կարող ունենալ տարբերակված կարգավիճակ։

Հիշեցման կարգով ասեմ, որ այս իշխանությունները նախաձեռնել էին սահմանադրական «բարեփոխումը»՝ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ, հենց այն պատճառաբանությամբ, որ ՍԴ-ում կան դատավորներ, որ պետք է պաշտոնավարեն 12 տարի և կան դատավորներ, որոնք Սահմանադրության 2005 թվականի խմբագրության համաձայն ավելի երկար պետք է պաշտոնավարեն․ և այդ անհավասարությունը հաղթահարելու համար գնացին սահմանադրական բարեփոխման։ Հիմա ինչպե՞ս կարող է ԲԴԽ-ում լինել անհավասարություն և դա լինի սահմանադրական։ Այսինքն ԲԴԽ 5 անդամները չեն կարող տարիքը 65-ը լրանալուց հետո պաշտոնավարել, իսկ մյուսները կարո՞ղ են։ Սա նույն դասական անհավասարությունն է»,-մանրամասնեց Արամ Վարդևանյանը։

Հավելենք, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածով սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները, որի 9-րդ մասում ասվում է․ «Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում»:

Իսկ 86-րդ հոդվածով սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը։ Հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով։ 20-րդ գլխով էլ սահմանաված են դատավորի լիազորությունները դադարեցնելու և դադարելու դեպքերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել