Իսրայելի պաշտպանության նախարարը թույլատրել է ռուսական ագրեսիայի ֆոնին Ուկրաինայի փրկարար ծառայություններին սաղավարտներ և ժիլետներ մատակարարել։ Այսպիսով, լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Իսրայելն առաջին անգամ պաշտպանական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, փոխանցում է Украинская правда-ն:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը բանակցություններ է վարել իր իսրայելցի գործընկեր Բենի Գանցի հետ։ Այս խոսակցությունից հետո Իսրայելը պաշտոնապես հայտարարեց Ուկրաինային պաշտպանական սաղավարտների և ժիլետների մատակարարման համաձայնագրի մասին, որոնք անհրաժեշտ են փրկարարներին։
Ըստ գործակալության՝ Իսրայելը փոխել է իր դիրքորոշումը Կիևին տրամադրվող օգնության հարցում։ Իսրայելցի պաշտոնյան պարզաբանել է, որ Ուկրաինայի փրկարարների և արտակարգ իրավիճակների ծառայությունների կարիքների համար պաշտպանիչ սարքավորումներ տրամադրելու որոշումը կայացվել է ուկրաինական կողմի խնդրանքից հետո։
Որպես ուկրաինա-ռուսական ճգնաժամի միջնորդ՝ Իսրայելը դատապարտել է ռուսական կողմին, սակայն նախկինում սահմանափակվել է միայն մարդասիրական օգնությունով։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։