Սաակաշվիլին դատավարության ժամանակ իրեն վատ է զգացել

Aliq.ge-ն հայտնում է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր իր հերթական դատական ​​նիստի մեկնարկից րոպեներ անց վատ է զգացել և բժշկական օգնություն է խնդրել։

«Ինձ բժիշկ է պետք, բռնեք ձեռքս»,- ելույթի ժամանակ ասել է Սաակաշվիլին։

Վրաստանի երրորդ նախագահին դատարանի դահլիճից դուրս են բերել ուղեկցող ծառայության ներկայացուցիչները։

Մինչ այդ Սաակաշվիլին ելույթը սկսել է ուկրաիներենով՝ համերաշխություն հայտնելով Ուկրաինային։

Նա ասել է, որ մի քանի օր առաջ «կորցրել է ոտքերը» (խմբ. չի զգում) և այլևս չի կարող ինքնուրույն շարժվել:

Ըստ երրորդ նախագահի՝ ինքը ցավեր ունի նաև վերջույթների հատվածում, ինչի պատճառով անհրաժեշտ է ուժեղ ցավազրկողներ ընդունել։ Նրա խոսքով, հազիվ է սնունդ ընդունում, ինչն էլ ավելի է թուլացնում իրեն։

Սաակաշվիլին կարծում է, որ Գորիի զինվորական հոսպիտալում հացադուլից հետո իրեն ցուցաբերված բժշկական օգնությունն անարդյունավետ է եղել, մինչդեռ Ռուսթավիի մեկուսարանում նա գրեթե չի կարողանում պատշաճ բուժում ստանալ։

Սաակաշվիլիի փաստաբանները դատավորին խնդրել են «հատուկ միջոցներ» ձեռնարկել քրեակատարողական հիմնարկում նախագահի առողջությունը պաշտպանելու համար։

Սաակաշվիլին նաև շնորհակալություն է հայտնել դատարանի բակում հավաքված աջակիցներին.

«Ուզում եմ հարգել Ուկրաինայում կռվող վրացի հերոսներին, ովքեր զոհվել են Ուկրաինայում։ Ես նաև ուզում եմ ողջունել այն դատարանի դիմաց հավաքված ժողովրդին…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել