Ուկրաինան չի կարող պատերազմում պարտվել ռուսներին, քանի որ դրա գինը չափազանց բարձր է։ Սոցցանցի իր էջում նման կարծիք է հայտնել Կիևի քաղաքապետ Վլադիմիր Կլիչկոն։ Նա նաև վստահություն է հայտնել, որ ուկրաինացի ժողովուրդը կհաղթի «Պուտինի հորդային»։
«Մենք չենք կարող պարտվել այս պատերազմում, այլապես կկորցնենք մեր ինքնիշխանությունն ու ազատությունը։ Մենք կկորցնենք ամեն ինչ, ինչպես և Եվրոպան։ Մենք պետք է պաշտպանվենք, հաղթելու ենք»,- գրել է Կլիչկոն Instagram-ում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։