Украинская правда-ից հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ներկայացրել է, որ Ռուսաստանը Ղրիմում և սահմանային գոտիներում «ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակ» է հայտարարել՝ Ուկրաինայի տարածք ռազմական տեխնիկայի, զենքի և անձնակազմի տեղաշարժը կազմակերպելու համար։
«Թշնամին չի դադարում հրթիռային ռմբակոծությունները Խարկովի և Զապորոժիեի շրջանների քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, նա ակտիվորեն օդային հետախուզություն է իրականացնում: Մինչև ապրիլի 26-ը Ռուսաստանի Դաշնությունը մտցրեց, այսպես կոչված՝ «ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակը» մեր պետությանը սահմանակից տարածքներում և Ղրիմի ժամանակավոր օկուպացված տարածքում»,-նշված է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Այդ միջոցառումները, ենթադրաբար, իրականացվում են Ուկրաինայի տարածք ռազմական տեխնիկայի, զենքի ու անձնակազմի տեղաշարժը կազմակերպելու նպատակով։
Նշվում է, որ ըստ առկա տեղեկությունների՝ Լենինգրադի մարզում կազմավորվել է մոտ 400 հոգանոց գումարտակ։ Այն բաղկացած է բացառապես մարտական փորձ ունեցող զինվորականներից։ Նրանք ուղարկվել են Ուկրաինա՝ 58-րդ համակցված բանակի 42-րդ մոտոհրաձգային դիվիզիայի ստորաբաժանումներից մեկն ուժեղացնելու համար։
————–
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։