ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ Բուչայի դեպքերի պատճառով

ԱՄՆ-ը պատրաստ է «շատ շուտով» նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այսպիսի հայտարարություն է արել Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը կիրակի MSNBC հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարձագանքի ԱՄՆ-ն Վլադիմիր Զելենսկու՝ Բուչայի իրադարձությունների պատճառով նոր պատժամիջոցներ սահմանելու կոչին։

«Երբ խոսքը վերաբերում է մեր պատժամիջոցներին, մենք միշտ ասել ենք, որ կշարունակենք ճնշում գործադրել նախագահ Պուտինի, Կրեմլի, նրա շրջապատի բոլոր մարդկանց վրա, այդ թվում՝ օլիգարխների և մերձավորների վրա, ովքեր իշխանություն են տալիս Ուկրաինայի դեմ պատերազմին… Կարծում եմ, որ շատ շուտով դուք կտեսնեք հավելյալ գործողություններ»,- Փրայսի խոսքերն է փոխանցում Korrespondent.net-ը։

Եվրամիությունը խոստանում է նաև օգնել Ուկրաինային Կիևի շրջանի հյուսիսում կատարված ռազմական հանցագործությունների հետաքննության հարցում։

Հավելենք` Ուկրաինայի Բուչա քաղաքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո քաղաքում հայտնաբերվել են խաղաղ բնակիչների դիեր։

Բուչա քաղաքում ռուս զինվորականների ենթադրյալ հանցագործությունների մասին Կիևի ռեժիմի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը սադրանք են։ Նման հայտարարություն է արել կիրակի օրը՝ ապրիլի 3-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

Ռուսական կողմը պնդում է, թե ուկրաինական հեռուստաալիքներից մեկով ռեպորտաժ է հեռարձակվել, որտեղ բեմադրված կադրերում երևում է, թե ինչպես է «սպանվածներից» մեկը շարժում ձեռքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել