Լուսանկարները, որոնք ստացել ենք Բուչայից, անտանելի են, ՌԴ-ն պիտի պատասխան տա. Մակրոն

Ռուսական իշխանությունը պետք է պատասխան տա իր կատարած հանցագործությունների համար, թվիթերյան իր միկրոբլոգում նման գրառում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն՝ արձագանքելով Ուկրաինայի Բուչա քաղաքի վերաբերյալ տարածված տեղեկությանը։

Մակրոնը միաժամանակ համերաշխություն է հայտնել Ուկրաինային:

«Լուսանկարները, որոնք մենք ստացել ենք Կիևի մերձակայքում գտնվող ազատագրված Բուչայից, անտանելի են։ Հարյուրավոր խաղաղ բնակիչներ դաժանաբար սպանվել են փողոցներում։ Ես իմ ցավակցությունն եմ հայտնում զոհերին և համերաշխությունս եմ հայտնում Ուկրաինային։ Ռուսական իշխանությունները պետք է պատասխան տան այս հանցագործությունների համար»,- գրել է Մակրոնը։

Հավելենք` Ուկրաինայի Բուչա քաղաքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո քաղաքում հայտնաբերվել են խաղաղ բնակիչների դիեր։

Բուչա քաղաքում ռուս զինվորականների ենթադրյալ հանցագործությունների մասին Կիևի ռեժիմի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը սադրանք են։ Նման հայտարարություն է արել կիրակի օրը՝ ապրիլի 3-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

Ռուսական կողմը պնդում է, թե ուկրաինական հեռուստաալիքներից մեկով ռեպորտաժ է հեռարձակվել, որտեղ բեմադրված կադրերում երևում է, թե ինչպես է «սպանվածներից» մեկը շարժում ձեռքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել