Ռուսաստանն այս տարվա զորակոչիկներին կարող է պատերազմ ուղարկել մեր պետության, մեր ժողովրդի դեմ։ Այսպիսով, սա երաշխավորված մահ է շատ երիտասարդ տղաների համար: Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
«Ու թեև նրանք մեր քաղաքացիները չեն, թեև նրանք այն պետության քաղաքացիներ են, որոնք պատերազմում են մեզ հետ մեր հողի վրա, այնուամենայնիվ մեր՝ որպես ժողովրդի պարտքն է զգուշացնել։ Զգուշացրեք յուրաքանչյուր նման նորակոչիկի, նրանց ծնողներին: Մեզ այստեղ նոր սպանված մարդիկ պետք չեն։ Հոգ տարեք ձեր երեխաների մասին, որպեսզի նրանք չարագործներ չդառնան։ Մի տվեք նրանց բանակին։ Արեք այն ամենը, ինչ կարող եք, քանի դեռ նրանք ապրում են, քանի դեռ տանն են։
Ռուստանը դեռ չի ասել ճշմարտությունն այս զորակոչիկների ու ժամկետային զինծառայողների ճակատագրերի մասին, բայց եթե կարող եք նրանց ասել ճշմարտությունը, արեք դա:
Եվ ես ուզում եմ կանգ առնել այն փաստի վրա, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է մարդկանց բանակ տանել Ղրիմում։ Սա միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և պատերազմական հանցագործություն, որի համար պատասխանատվություն է կրելու։ Եվ դա նաև փաստարկ է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է ուժեղացվեն։
Դրա համար ես ուզում եմ Ղրիմի ժողովրդին ասել՝ մի կատարեք հանցավոր հրամաններ։ Մեր երկրի հյուսիսում օկուպանտները հեռանում են, դանդաղ, բայց նկատելի: Ինչ-որ տեղ կռիվներով վտարվում են։ Ինչ-որ տեղ թողնում են իրենց դիրքերը։ Նրանցից հետո՝ կատարյալ աղետ է։
Մենք առաջ ենք գնում։ Մենք ուշադիր շարժվում ենք։ Բոլոր նրանք, ովքեր վերադառնում են այս տարածք, նույնպես պետք է շատ զգույշ լինեն: Դեռևս անհնար է վերադառնալ բնականոն կյանքին, ինչպես որ կար։ Նույնիսկ այն տարածքներում, որտեղ մենք վերադառնում ենք մարտերից հետո։ Ստիպված ենք լինելու սպասել։ Սպասեք, մինչև մեր հողը մաքրվի։ Սպասեք, մինչև համոզվեք, որ նոր հրետակոծությունն անհնար է:
Մեր երկրի արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Նրանք պատրաստվում են նոր հզոր հարվածների։ Պատրաստվում ենք էլ ավելի ակտիվ պաշտպանության: Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, և՛ ներքին, և՛ արտաքին»,-նշել է նա։