Ժամը 19:36-ից մինչև 23:20-ը Բելառուսից Ուկրաինայի տարածք հավանաբար արձակվել է ավելի քան 30 հրթիռ, հայտնում է Украинская правда-ն։
«Բացի հրթիռներից, բելառուս ակտիվիստները, որոնք գրանցում են ռազմական տեխնիկայի տեղաշարժը ողջ երկրում, արձանագրել են մի քանի կործանիչների և մի քանի ինքնաթիռների թռիչքներ։
Ակտիվիստները ենթադրում են, որ Բելառուսից հրթիռներ արձակելով փորձում են քողարկել Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումը։
Բելառուսի տարածքից հրթիռների արձակումներ Ուկրաինայի ողջ տարածքում գրանցվել են գրեթե 3-5 րոպեն մեկ»,-նշում է լրատվականը։
Հաղորդվում է նաև, որ ժամը 20:50-ին Բելառուսի Մաչուլիշչիի օդանավակայան է ժամանել ՌԴ օդատիեզերական ուժերի Իլ-76 RF-76726 հաշվառման համարով:
Մինչ այդ Ռուսաստանի Դաշնությունից օդանավակայան են թռել ևս երկու Իլ-76՝ գրանցման համարներով՝ RF-76769 (ժամանել է 18:40-ին) և RF-86902 (ժամը 18:00-ին)։
Ակտիվիստների խոսքով՝ այս բոլոր ինքնաթիռներն ինչ-որ բան են բերել՝ տեխնիկա, հրթիռներ, թե զինամթերք, իսկ թե կոնկրետ ինչը՝ դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։