Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այժմ բավական ժամանակ չունի Ուկրաինայի բոլոր դավաճանների հետ կապված հարցերը լուծելու համար, բայց աստիճանաբար կմաքրի ուժային կառույցները։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Ըստ գերատեսչության՝ խոսքը Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության այն պաշտոնյաների մասին է, որոնց Զելենսկին զրկել է գեներալի կոչումից: Նրանցից մեկը Ներքին անվտանգության գլխավոր վարչության նախկին ղեկավար Նաումով Անդրեյ Օլեգովիչն է, իսկ մյուսը՝ Խերսոնի շրջանի ԱԱԾ վարչության նախկին ղեկավար Կրիվորուչկո Սերգեյ Ալեքսանդրովիչը:
Զելենսկին այդ անձանց անվանել է «հակահերոսներ» և հավելել, որ նման մարդիկ խախտում են Ուկրաինային տրված իրենց երդումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։