Մոսկվան չի կարող շատ խոստումնալից և բեկումնային համարել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունները, դեռ շատ երկար աշխատանք կա անելու։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ստամբուլում նախօրեին տեղի ունեցած Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցությունների մասին հարցին։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:
«Նախ, իմ գործընկեր Մեդինսկին ավելի մանրամասն կբացատրի: Երկրորդ՝ դրականն այն է, որ ուկրաինական կողմը, համենայնդեպս, սկսել է կոնկրետ ձևակերպել և թղթի վրա դնել այն, ինչ առաջարկում է։ Դեռ շատ անելիք կան»,-ասել է նա:
Մեկնաբանելով՝ այն փաստը, որ Ստամբուլում բանակցությունները տևել են, ոչ թե երկու, այլ մեկ օր, Պեսկովն ասել է՝ բանակցությունները կայացել են, ավարտվել են, պատվիրակությունները գնացել են իրենց կենտրոններ:
__________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։