Վատիկանի բանկը ռուսական գազի դիմաց վճարում է կատարել ռուբլով, հաղորդում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ պետությունը, որը գտնվում է Հռոմի կենտրոնում, ՌԴ Կենտրոնական բանկից 10 մլն եվրոյին համարժեք ռուբլի է գնել։
Ըստ աղբյուրների՝ Վատիկանը կատարել է բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք ներառված են ռուբլով գազի գնման ալգորիթմում։ Ռուսական արժույթով էներգառեսուրսների գնման եղանակը նախկինում սահմանվել էր Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից։
Ավելի վաղ «Մեծ յոթնյակի» երկրները համաձայն չէին Ռուսաստանի կողմից ներկայացված պահանջի հետ՝ էներգառեսուրսների դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ։
Ի պատասխան՝ Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում զբաղվել «համաեվրոպական բարեգործությամբ» և անվճար գազ մատակարարել Արևմուտքին։ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ հանձնարարականի համաձայն մշակվում են նոր սխեմայով վճարումներ ընդունելու և ստանալու բոլոր մեխանիզմները։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ասել է, որ եվրոպական երկրներն ունեն ռուբլով վճարումների շուկայական բոլոր հնարավորությունները, և դրանում ողբերգություն չկա։ Նա նաև կոչ է արել արտասահմանյան գործընկերներին գնել փայտանյութ, մետաղներ, նավթ և այլ ապրանքներ, որոնք վաճառվում են Ռուսաստանի Դաշնության կողմից ռուսական ռուբլով։