Ուկրաինական պատվիրակության բոլոր առաջարկները համաձայնեցվելու են ուկրաինական հասարակության հետ

Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը պաշտոնապես ներկայացրել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր համակարգի իր առաջարկները։ Այս մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության ղեկավար, «Слуга Народу» խմբակցության ղեկավարը։

Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահականի պաշտոնական էջից։

«Այսօր մենք հանդես ենք եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր համակարգի պաշտոնական առաջարկով։ Մենք պնդում ենք, որ դա լինի միջազգային պայմանագիր՝ ստորագրված բոլոր երկրների՝ անվտանգության երաշխավորների կողմից, որը կվավերացվի, որպեսզի չկրկնվի այն սխալը, որը ժամանակին կար Բուդապեշտի հուշագրում։ Մենք ցանկանում ենք, որ դա Ուկրաինայի համար անվտանգության կոնկրետ երաշխիքների գործող միջազգային մեխանիզմ լինի»,- ասել է նա։

Ըստ նրա՝ ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչները ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել, նրանք միայն բարձրաձայնել են Ուկրաինայի առաջարկները։

Նրա խոսքով՝ ապագա համաձայնագիրը պետք է պարունակի կանոն, ըստ որի՝ պատերազմի սկսվելուց, ագրեսիայի, ռազմական գործողությունների, ցանկացած քողարկված, հիբրիդային պատերազմ Ուկրաինայի դեմ եռօրյա ժամկետում երաշխավոր երկրները խորհրդակցություններ կանցկացնեն, որից հետո իրավաբանորեն կպարտավորվեն ռազմական օգնություն ցուցաբերել։

Նշվում է, որ այս մեխանիզմը ավելի պարզ է, քան 1949 թվականի ՆԱՏՕ-ի ստեղծման Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը, որը չի սահմանում խորհրդակցությունների ժամկետները։

Ինչ վերաբերում է Դոնեցկի, Լուգանսկի մարզերի և Ղրիմի Ինքնավար Հանրապետության ժամանակավոր օկուպացված տարածքներին, քանի որ դրանց կարգավիճակը հայտնի չէ, այդ տարածքներում անվտանգության միջազգային երաշխիքները ժամանակավորապես չեն գործի։

Ըստ այդմ՝ Ուկրաինան պարտավորվելու է իր տարածքում չտեղակայել օտարերկրյա ռազմակայաններ, օտարերկրյա ռազմական կոնտինգենտներ, չմիանալ ռազմաքաղաքական դաշինքներին, իսկ Ուկրաինայի տարածքում զորավարժությունները հնարավոր կլինեն երաշխավոր երկրների համաձայնությամբ։

Նշվում է՝ կարևոր է, որ ապագա համաձայնագրում ոչինչ չմերժի Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու իրավունքը։

Հայտնում են, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կշարունակվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Միաժամանակ, Ուկրաինան արդեն խորհրդակցություններ է սկսել երաշխավոր բոլոր երկրների հետ, և շուտով հնարավոր կլինի այդ երկրներին հրավիրել մասնակցելու բազմակողմ բանակցություններին։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ ուկրաինական պատվիրակության բոլոր առաջարկները համաձայնեցվելու են ուկրաինական հասարակության հետ։ Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ որոշումների իրականացումը տեղի կունենա համաուկրաինական հանրաքվեի միջոցով, իսկ դրանից հետո՝ Ուկրաինայի խորհրդարանի և երաշխավոր երկրների խորհրդարանների կողմից այս փաստաթղթը կվավերացվի։

Առանձին կետով առաջարկվում է ամրագրել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումը Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ։

«Բոլոր վիճելի հարցերը քիչ թե շատ քննարկվել են, մեր առաջարկները ներկայացվել են»,- ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել