ԱՄՆ-ն հայտնել է, որ դաշնակիցների հետ մտադիր են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները մտադիր են էական լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ վերջինիս տնտեսության զարգացումը զսպելու համար։ Այս մասին հայտնում են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Մեր դաշնակիցները և գործընկերները հավատարիմ են մնում լրացուցիչ կարևոր քայլեր ձեռնարկելուն՝ ռուսական տնտեսության զարգացումը զսպելու համար, քանի դեռ ռուսական կողմի ներխուժումը Ուկրաինա շարունակվում է,- ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը և հավելել, որ Եվրոպա  ընթացիկ այցի ընթացքում ինքը դաշնակիցների հետ քննարկելու է Ռուսատանի ֆինանսական ռեսուրսները սահմանափակելու, արևմտյան պատժամիջոցների շրջանցումը կանխելու Մոսկվայի ուղիների մասին հարցեր:

«Մենք ավելի ու ավելի ենք կենտրոնանալու արդյունաբերության դեմ ուղղված մեր միջոցների վրա, որոնք կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի՝ իր հզորությունը նախագծելու, ռազմական տեխնիկա գնելու կարողության համար», – ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ մատակարարելով նրան անհրաժեշտ սարքավորումներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել