ՀՀ զինվորական դատախազությունը նախաձեռնել է ստեղծել աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատական է ներկայացնելու` այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ: Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո:
Աշխատանքային խմբի ներկայացրած խորհրդատվական եզրակացության հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ:
Աշխատանքային խմբի գործունեությանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ տարածքում առնվազն երեք տարվա գործունեություն իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նշված հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել աշխատանքային խմբի գործունեությանը մասնագիտությամբ իրավաբան իրենց ներկայացուցիչների միջոցով, որոնք մասնագիտական գիտելիքներ պետք է ունենան քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի բնագավառներում:
Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հայտերը հարկավոր է ներկայացնել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն (հասցե՝ ք.Երևան, Սունդուկյան 66ա) մինչև 2013թ. հուլիսի 15-ը ներառյալ:
Իրավաբան.net