Ռուսական խաղաղապահ զորակազմը, համաձայն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, շարունակում է մարտական գործողությունների իրականացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում և Լաչինի միջանցքի երկայնքով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
«Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։ Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հավելում է, որ ռուս խաղաղապահներն ուղեկցել են ուխտավորներին Ամարասի և Գանձասարի վանքեր։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներական-սակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2358,9 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերել և վնասազերծել 26257 պայթուցիկ առարկա։
Ըստ հաղորդագրության՝ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։