Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպում կազմակերպելու մասին

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ստամբուլում։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ իրավիճակը և բանակցային գործընթացը։ Նախագահ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների հաջորդ հանդիպումը անցկացնել Ստամբուլում»,-հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

Էրդողանը նաև կիրակի օրը Ռուսաստանի ղեկավարի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Անկարան կշարունակի նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանը։

«Նախագահ Էրդողանը ընդգծել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որքան հնարավոր է շուտ զինադադար և խաղաղություն հաստատելու, ինչպես նաև տարածաշրջանում հումանիտար իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը: Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ այս գործընթացում», – ասել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել