Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները կրկին կհանդիպեն․ Պուտինի խորհրդական

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները որոշել են դեմ առ դեմ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել մարտի 29-30-ը, հայտնում է Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Telegram-ի իր ալիքում։

«Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի պատվիրակության հետ տեսակոնֆերանս և արդյունքում որոշվել է անցկացնել բանակցությունների հերթական փուլը,  հանդիպել մարտի 29-30-ը»,- գրել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելից վերադառնալիս լրագրողներին ասել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են կոնսենսուսին բանակցային գործընթացի վեց կետերից չորսի շուրջ։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան հենց սկզբից մեծ ջանքեր է գործադրել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար։ Էրդողանը նշել է, որ այդ ջանքերի շրջանակում ինքը բանակցություններ է վարել բազմաթիվ առաջնորդների հետ, և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկ անգամ չէ, որ հանդիպել է այլ երկրների գործընկերների հետ։

Երկրի ղեկավարը հիշեցրել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, որը կազմակերպվել էր Անթալիայում թուրքական կողմի ջանքերով։

Թուրքիայի զբոսաշրջային մայրաքաղաքում եռակողմ հանդիպումից հետո Չավուշօղլուն այցելել է Մոսկվա և Լվով, ասել է Էրդողանը։

Վերադառնալով Մոսկվայի և Կիևի բանակցային գործընթացի թեմային՝ Էրդողանը նշել է հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս կա կամ չկա։

«Կարծում եմ, որ բանակցություններում չորս կետերի շուրջ կա կոնսենսուս. առաջին կետը վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ Սկզբում Ուկրաինան պնդում էր անդամակցել դաշինքին, սակայն հետագայում Զելենսկին սկսել է խոսել մերժման հնարավորության մասին։ Մեկ այլ կետ վերաբերում է Ուկրաինայում ռուսաց լեզվի ընդունմանը որպես պաշտոնական։ Սրա հետ համաձայնել է Զելենսկին։ Ռուսերեն արդեն իսկ խոսում են գրեթե ողջ Ուկրաինայում։ Այս առումով խնդիրներ չկան»,- նշել է պետության ղեկավարը։

Թուրք առաջնորդի խոսքով՝ հակամարտող կողմերի քննարկած մեկ այլ կարեւոր թեմա վերաբերում է Ուկրաինայի ապառազմականացմանը։

«Իհարկե, Ուկրաինան պետություն է, ուստի A-ից Z զինաթափման ընդունումը բացառվում է: Բայց այս հարցում նույնպես անհասկանալի կողմեր ​​չկան։ Այսինքն՝ ուկրաինական կողմը հայտարարեց, որ կարող է որոշակի զիջումների գնալ նաև այս հարցում։ Բանակցությունների չորրորդ կետը վերաբերում է հավաքական անվտանգությանը. Ուկրաինան այս առումով նույնպես դրական մոտեցում է ցուցաբերել»,- շարունակել է Էրդողանը։

Սակայն, ըստ նախագահի, Ղրիմի և Դոնբասի հարցում դեռևս կոնսենսուս չկա։

Արդյունքում Զելենսկին առաջարկել է Դոնբասի հարցով հանրաքվե անցկացնել, ասել է Էրդողանը։ Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա Թուրքիան ի սկզբանե բացահայտ ու հստակ դեմ է արտահայտվել թերակղզու օկուպացմանը, ասել է Էրդողանը։

Պետության ղեկավարը մանրամասնել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ անձամբ է բարձրաձայնել Անկարայի դիրքորոշումն այս հարցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել