Թուրքիան ստիպված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով սննդի արդյունաբերության արտադրանքի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ փնտրել։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թոքաթ քաղաքում գյուղատնտեսական արդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը, փոխանցում է ТАС լրատվական գործակալությունը։
«Մեր սննդի արդյունաբերությունը շարունակում է մատակարարման այլընտրանքային աղբյուրների որոնումը, այդ թվում՝ Ղազախստանում, ԱՄՆ-ում և Կանադայում»,- ընդգծել է նա։
Էրդողանի խոսքով՝ մատակարարման խնդիրները, որոնք կարող են առաջանալ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, ազդում են և կշարունակեն ազդել Թուրքիայի վրա։
Մարտի 24-ին Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահն ասել է, որ ուկրաինական իրադարձությունների պատճառով Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն արտահանումը գրեթե կրկնակի կրճատվել է, իսկ Ուկրաինա արտահանումը դարձել է զրոյական։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։