Մարտի 26-ի դրությամբ Չեռնիգովում մնացել է բնակիչների կեսից ավելի քիչ մասը, քաղաքն ամբողջությամբ ավերված է։ Ավելի հեշտ է հաշվել կանգուն տները, քան ավերվածները։ Այս մասին ասել է Չեռնիգովի քաղաքապետ Վլադիսլավ Ատրոշենկոն, տեղեկանում ենք Украинская правда-ից։
«Քաղաքն ամբողջությամբ ավերվել է: Ավելի հեշտ է հաշվել այն տները, որոնք դեռ պահպանվել են: Ավելի քան 200 խաղաղ բնակիչ է զոհվել: Այժմ Չեռնիգովում կա մոտավորապես 120-130 հազար քաղաքացի (մոտ 285-290 հազարից) Քաղաքային իշխանությունները տեղում են, բոլորն աշխատում են, աջակցում են մեր բանակին, ոչ ոք չի պատրաստվում քաղաքը հանձնել»։
Քաղաքապետը հավելել է, որ Չեռնիգովը գտնվում է օպերատիվ շրջափակման մեջ, հակառակորդը միտումնավոր ոչնչացրել է քաղաքը Կիևի հետ կապող կամուրջը։
Նշվում է, որ քաղաքը հումանիտար միջանցքներ կազմակերպելու կամ վիրավորներին դուրս բերելու հնարավորություն չունի։ Հետիոտնային կամուրջը գտնվում է մշտական կրակի տակ, դրա վրայով ապրանք տեղափոխելը վտանգավոր է, քանի որ այն կարող է ընկնել։
Ատրոշենկոն նշել է, որ տեղի իշխանությունները նախատեսում են դուրս բերել ծանր վիրավորներին, որոնց տեղում վիրահատել չեն կարող։ Ներկայում խոսքը 44 մարդու մասին է (ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեք երեխա)։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։