Ֆրանսիան մտահոգ է ադրբեջանական զորքերի կողմից Լեռնային Ղարաբաղում առաջխաղացման մասին տեղեկությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Ֆրանսիան ցավում է Լեռնային Ղարաբաղում գրանցված միջադեպերի, մասնավորապես զինված միջադեպերի ու Փառուխի և Խրամորթի շրջաններում զորքերի առաջխաղացման առնչությամբ: Այն կոչ է անում ուժերին, որոնք, ինչպես ասվում է, առաջ են շարժվել, հետ քաշվել նախկին դիրքեր՝ համաձայն կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման խաթարումների կապակցությամբ՝ պահանջելով վերականգնել տեղի բնակչության մշտական գազամատակարարումը: Նշվել է, որ այս հարցը բարձրացվել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հեռախոսազրույցներում:
_____
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:
Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 14 վիրավոր։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 3 զոհ` ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):