ՌԴ ԱԳՆ-ում նոտա է հանձնվել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին։ Նոտայում ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան արտաքսվող աշխատակիցների ցանկն է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ ՌԴ-ն այս քայլն արել է ի պատասխան Վաշինգտոնի կողմից ռուսաստանցի դիվանագետների արտաքսման։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ցանկացած թշնամական գործողություն պատասխան է ստանալու։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։