Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները դժվար են, երբեմն սկանդալային, բայց իրենք քայլ առ քայլ առաջ ենք գնում, փոխանցում է Интерфакс Украина-ն:
Զելենսկին տեսաուղերձում ասել է, որ այդ բանակցությունները շարունակվում են գրեթե ամեն օր. «Դժվար, երբեմն սկանդալային, բայց քայլ առ քայլ առաջ ենք գնում»,- ասել է նա։
Նախագահի խոսքով՝ ինքը «շնորհակալ է բոլոր միջազգային միջնորդներին, ովքեր պայքարում են հանուն Ուկրաինայի, Եվրոպայի, ճշմարտության համար, ովքեր իրական պատկերը բերում են Մոսկվա և կոչ են անում իրատեսորեն նայել, թե ինչ է կատարվում. «Աշխարհը չի դադարի պաշտպանել մեր ճշմարտությունը»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։