Հետագայում պետք է քննարկվի վերաքննիչ սնանկության դատարանի հարցը․ դատաիրավական ռազմավարություն

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության ռազմավարական նպատակներից մեկը վերաբերում է սնանկության ոլորտի բարեփոխումներին։

Այս շրջանակում նախատեսված է նաև սնանկության վարույթում դատարանի և դատավորների դերակատարման բարձրացում և կարողությունների զարգացում։

Ռազմավարության մեջ նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ 2019 թվականի հունվարից գործում է մասնագիտացված սնանկության դատարանը, կատարված հետազոտությունների համաձայն՝ սնանկության համակարգում բոլոր կարևոր դերակատարներից ամենաքիչ վստահությունը վայելում էին դատավորները. հարցվածների միայն 32.5%-ն էր կարծում, որ դատավորները ունեն համապատասխան մասնագիտական հմտություններ, իսկ 50%-ից պակասը կարծում էին, որ դատավորները գործը վարել են ողջամիտ, արդար և ըստ սահմանված կարգի:

Սնանկության դատարանի արդյունավետության բարձրացման գործում իր դրական ազդեցությունը կունենա նաև էլեկտրոնային սնանկության համակարգի ներդնումը և փաստաթղթաշրջանառության իրականացումը էլեկտրոնային եղանակով:

Անհրաժեշտ է նաև վերանայել դատավորների վերապատրաստման ծրագրերը, իրավական հարցերի վերաբերյալ վերապատրաստումից բացի, իրականացնել սնանկության դատավորների  վերապատրաստում նաև ոչ իրավական թեմաներով, ինչպիսիք են՝ տնտեսագիտությունը, բիզնեսը, ֆինանսները, ֆինանսների կառավարումը:

Պետք է քայլեր ձեռնարկել նաև սնանկության դատարանի տեխնիկական կարողությունների զարգացման ուղղությամբ, համալրել դատարանի տեխնիկական միջոցները, բարձրացնել աշխատակազմի տեխնիկական պատրաստվածության մակարդակը: Սա հատկապես կարևորվում է սնանկության էլեկտրոնային համակարգի ներդնման հեռանկարի պայմաններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել