Սնանկության կառավարիչների որակավորման ընթացակարգը պետք է վերանայվի, կազմակերպվի կառավարիչների թեկնածուների ուսուցուն

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության ռազմավարական նպատակներից մեկը վերաբերում է սնանկության ոլորտի բարեփոխումներին։

Ռազմավարության մեջ նշվում է, որ սնանկության ոլորտում շարունակական բարեփոխումների իրականացումը կարևորվում է ոչ միայն արդարադատության համակարգի, այլ նաև գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունից ելնելով: Չնայած սնանկության ոլորտում տարբեր տարիներին կատարված բարեփոխումներին, այնուամենայնիվ, այն պահանջում է շարունակական բարելավումների իրականացում՝ համաշխարհային միտումներին և զարգացող տնտեսական հարաբերություններին համահունչ:

Սնանկության ոլորտում բարեփոխումները պետք է կատարվեն՝ ապահովելու համար հեշտ և կանխատեսելի հասանելիությունը սնանկության վարույթներին, լուծարման և առողջացման ինստիտուտների հստակ տարանջատումը, սնանկության գործերի արդյունավետ, պատշաճ և ժամանակին լուծումը:

Այս առումով էլ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում Արդարադատության նախարարության կողմից մշակվել, հանրային քննարկումների ձևաչափով համաձայնեցվել և Ազգային ժողով են ներկայացվել «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, որոնցով ամրագրված իրավակարգավորումները արդեն իսկ կարևոր քայլեր են հանդիսանում սնանկության ոլորտի բարեփոխման տեսանկյունից, մասնավորապես՝ իրավական հիմքեր են ստեղծվել սնանկության կառավարիչների մասնագիտական ուսուցումը և արհեստավարժությունն ապահովելու համար, սահմանվել են իրավակարգավորումներ սնանկության կառավարիչների հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ, վերանայվել է սնանկության կառավարիչների կարգապահական պատասխանատվության ինստիտուտը, հիմքեր են ստեղծվել սնանկության վարույթին մասնագիտացված կազմակերպությունների ներգրավվածության բարձրացման ուղղությամբ, նախատեսվել են էլեկտրոնային սնանկության համակարգին առնչվող կարգավորումներ, սահմանվել է սնանկության կառավարիչների վարձատրության (պարգևավճարների) ճկուն համակարգ` սեղմ ժամկետներում վարույթի ավարտման և ֆինանսական առողջացման դեպքերում, նախատեսվել են կարգավորումներ սնանկության վարույթին մասնակից երրորդ անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ սնանկության ոլորտի բարեփոխումների շրջանակներում այս ռազմավարությամբ նախանշվել մի շարք ուղղություններ, որոնք ոչ միայն կապահովեն վերոնշյալ բարեփոխումների շարունակականությունը և ոլորտի հետագա զարգացումը, այլ նաև կնպաստեն արդեն իսկ կատարված կամ առաջիկայում կատարվելիք բարեփոխումների գործնական կիրառելիությունը:

Սնանկության ոլորտի բարեփոխումներից մեկն էլ վերաբերում է սնանկության կառավարիչների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ու կարողությունների զարգացմանը։

Բացի այդ, սնանկության կառավարչի մասնագիտություն ձեռք բերելու համար էական նշանակություն ունի մասնագիտական գրականության աղբյուրների առկայությունը: Այս առումով անհրաժեշտ է մշակել սնանկության ոլորտի համապարփակ փաստաթղթեր՝ «Սնանկության մասին» օրենքի գիտագործնական մեկնաբանություններ՝ ըստ հոդվածների, ձեռնարկներ և ուղեցույցներ, որոնք կներառեն սնանկության վերաբերյալ օրենսդրության և սնանկության վարույթի ողջ վերլուծությունը և կներկայացնեն օրենքի մատչելի մեկնաբանություններ՝ հաշվի առնելով դատական պրակտիկան և դատավարագիտական մոտեցումները, վարույթի առանձնահատկությունները և գործնական խնդիրները: Արդյունքում շահագրգիռ անձինք կունենան վստահելի աղբյուրներ՝ սնանկության վարույթի վերաբերյալ գիտելիքներ ձեռքբերելու և ծագած գործնական խնդիրներին լուծում տալու համար:

Մյուս կողմից, սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունները, համագործակցելով Արդարադատության նախարարության հետ, պետք է բարելավեն սնանկության կառավարիչների վերապատրաստման ծրագրերը՝ ապահովելով ուսումնական նյութերի արդիականությունը, բազմազանությունը և որակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել