Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ են ընթանում ամեն օր՝ փորձագիտական խմբերի մակարդակով։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ուկրաինական պատվիրակության անդամ, «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, փոխանցում է Украинская правда-ն։
«Բանակցությունները շարունակվում են ամեն օր, և այսօր էլ՝ փորձագիտական խմբերի մակարդակով»,-ասել է նա:
Նշվում է, որ մարտի 21-ին նախատեսվում է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պատվիրակությունների առցանց հանդիպում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 14-ին կայացել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունների չորրորդ փուլը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։