ԱՄՆ-ն դիտարկում է Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, եթե Պեկինը աջակցի Մոսկվային՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում: Այս մասին ասյօր՝ մարտի 18-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք ունենք մի շարք գործիքներ, որոնք կարելի է դիտարկել, եթե Պեկինը որոշի աջակցել Մոսկվային՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: Այդ գործիքներից մեկն էլ Պեկինի դեմ պատժամիջոցներն են»,- ասել է Փսակին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։